Իրանից Հայաստան եկած բեռնատարում, որի վարորդը թուրք է եղել, 97 կգ հերոին է հայտնաբերվել

Հայտնաբերված 97 կգ հերոինի շուկայական արժեքը կազմում է 10-11 միլիոն դոլար: Հարուցվել է քրեական գործ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Իրանից Հայաստան ժամանած բեռնատարում, որի վարորդը Թուրքիայի քաղաքացի է եղել, հայտնաբերվել է 97 կգ հերոին տեսակի թմրամիջոց։ Տեղեկությունը հայտնում է պետական եկամուտների կոմիտեն` հավելելով, որ հերոինը հայտնաբերվել է Իրանից «Ագարակ» պետական սահմանային անցակետ հասած բեռնատարի վարորդի մոտ։

Հնարամիտները. «Արմավիր» ՔԿՀ–ում ատամի մածուկի մեջ թմրամիջոց է հայտնաբերվել

«Բեռնատարի մաքսային զննման արդյունքում դրա կցորդի տանիքի դիմացի հատվածում մետաղական կոնստրուկցիաների միջից հայտնաբերվել են 97կգ ընդհանուր քաշով հերոին տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 119 հատ փաթեթ՝ փաթեթավորված ժապավեններով։ Թմրամիջոցը ընթացիկ տարվա երկրորդ խոշոր բացահայտումն է»,–նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ` հավելելով, որ վերջերս էլ 365կգ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոց էին հայտնաբերել։

ՊԵԿ–ը հայտնում է նաև, որ այս անգամ հայտնաբերված հերոինի շուկայական արժեքը կազմում է 10-11 միլիոն դոլար:

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասով (թմրամիջոցներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելը) և 266 հոդվածի 3-րդ մասով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով։

Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է։

ԱԱԾ-ն թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքերն է բացահայտել