Ինչո՞ւ է ծորակից պղտոր ջուր հոսում, կամ ինչ պետք է անի «Վեոլիա ջուր» ընկերությունը

Հաճախակի ջրանջատումներին վերջերս գումարվել է նաև ծորակից պղտոր կամ ժանգոտ ջուր հոսելու խնդիրը։ Ջրի որակի, աղտոտվածության պատճառների և հետևանքների մասին Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք ջրաբան, ջրային փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Ամռան տապին հաճախակի ջրանջատումներն ու ուշացած զգուշացումները «Վեոլիա ջուր» ընկերության անփութության և թերի աշխատանքի հետևանքն են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ջրաբան, ջրային փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` չնայած լինում են դեպքեր, երբ ընկերության աշխատակիցներն իրենք էլ չեն կարող նախապես կանխատեսել սպասվող վթարները, սակայն դա որևէ կերպ չի արդարացնում ընկերության գործելաոճը։

ՀԷՑ-ը «Վեոլիա Ջուր» ընկերությանը հորդորում է առավել ճշգրիտ տեղեկություն տրամադրել

««Վեոլիա ջուր» ընկերությունը պարտավորվել է պատշաճ ջրամատակարարում իրականացնել, բնակչությանը խմելու ջրով ապահովել և, եթե ինչ-ինչ պատճառներով թերացել է` պարտավոր է նաև դրանից բխող բոլոր հետևանքները ժամանակին վերացնել»,- ասաց նա։

Հովհաննիսյանի կարծիքով` մինչև հիմնական խնդրի կարգավորումը  ընկերությունը պետք է «տուժած» քաղաքացիներին գոնե սանիտարական նվազագույն նորմերին համապատասխան անհրաժեշտ ջրով ապահովի` ցիստեռներով կամ 5-10 լիտրանոց տարաներով ջուր բաժանեն մարդկանց։

Հովհաննիսյանի դիտարկմամբ` ծորակից պղտոր կամ ժանգոտած ջրի հոսքը կարող է խողովակաշարում առկա փոքրիկ խնդրի հետևանք լինել, անհրաժեշտ է դրանք ժամանակին հայտնաբերել ու խնդիրը լուծել, հակառակ դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել։

Ջրի սով` հարուստ պաշարներով երկրում. ի՞նչ կլինի, եթե ադրբեջանցիները փոխեն Թարթառի հունը

«Խողովակները շատ հին են և պետք չէ զարմանալ, երբ ծորակից ժանգոտած ջուր է հոսում։ Հնարավոր է, որ դա մի փոքրիկ ճաքի հետևանք լինի, որը կարելի է եռակցման միջոցով կարգավորել, իրենք ունեն ցանկացած տեխնիկա առանց քանդելու ջրագծի խողովակաշարը ստուգելու համար։ Ցավալին այն է, որ խնդիրը չկարգավորելու դեպքում խմելու ջուրը կարող է աղեստամոքսային հիվանդությունների պատճառ դառնալ»,- հավելեց Հովհաննիսյանը։

Ի՞նչ է կատարվում ոռոգման ջրի համակարգում. ֆինանսավորումն ավելացել է, պարտքերը` շատացել

Հիշեցնենք`այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմը Facebook սոցիալական ցանցում հայտարարություն էր տարածել` տեղեկացնելով, որ առավոտից վարչական շրջանի մի քանի բնակիչներից ահազանգ են ստացել, որ ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն: 

Համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ, փոխանցել ահազանգը: Վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել է շրջանի մանկապարտեզների աշխատանքը: