Ֆրանսիական հիփ-հոփ և հայկական երաժշտություն. Jinj–ը նորովի է բացահայտել Փարաջանովին

Հայկական դուետը Ֆրանսիայում մեծ աղմուկ է բարձրացրել. արտասովոր տեսահոլովակն ու ֆոլկ կատարումը շատ են հավանել տեղի բնակիչները։ Այժմ խումբը պատրաստվում է համերգներով հանդես գալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի ժամանակակից մշակույթի և ստեղծագործական ոլորտների մասին պատմող The Calvert Journal ամսագիրը հոդված է նվիրել Jinj դուետին և Փարաջանովի ոճով նկարահանված նրանց արտասովոր տեսահոլովակին։

Գոռ Թադևոսյանն ու Սևանա Չաքերյանը մի քանի շաբաթ առաջ թողարկեցին իրենց առաջին Khosa Khosa սինգլը։ Ֆրանսահայ Սևանան քաջ հայտնի է միջազգային երաժշտական բեմում որպես Փարիզում 2012 թվականին հիմնադրված Collectif Medz Bazaa ալտ–ֆոլկ խմբի նախկին մասնակից։ Տարեսկզբին նա հայտարարեց, որ բաժանվում է կոլեկտիվից գեղարվեստական այլ նախագծեր կյանքի կոչելու համար։

Ֆրանսալեզու ռեփն ու հայկական ֆոլկ–բիթը միավորվեցին երաժշտական տեսահոլովակում, որում հավասարապես մասնակցում են Լեդի Գագան և Սերգեյ Փարաջանովը։ Պարբերականը խորհուրդ է տալիս «գնահատել» Jinj–ին, քանի որ դուետը ավանդական գործիքներին նոր կյանք է տալիս։

«Ռեփը երգին կայունություն է հաղորդում, այն ժամանակ, երբ հայկական ֆոլկի կիրառումը կրկներգում մթնոլորտն անզուգական է դարձնում։ Այդ զգացումն ուժեղանում է երգը լսելուն զուգընթաց»,– ասվում է հոդվածում։

Ամսագիրն առանձին նշում է ռեժիսոր Արմեն Փիրի Մասիհիի աշխատանքը, ով ցույց է տալիս` ինչպես են Թադևոսյանն ու Չաքերյանը փոխում ավանգարդ զգեստները ավանդականով։

Տեսահոլովակում Սևանայի կերպարը հիշեցնում է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հերոսուհի Սոֆիկո Չիաուրելիին։