ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Sputnik ռադիոյի ռուսալեզու հեռարձակման ղեկավար Ալեքսեյ Օրլովը, Sputnik մուլտիմեդիոն կենտրոնների տնօրինության գլխավոր խմբագիր Մարգարիտա Նեկրասովան և Sputnik Արմենիա գործակալության և ռադիոյի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն դարձել են «Ռուսաստանի մեդիա մենեջեր-2021»–ի մրցանակակիրներ։
Ալեքսեյ Օրլովը դափնեկիր է դարձել «Ռադիո` Դաշնային ռադիոկայաններ» անվանակարգում, Մարգարիտա Նեկրասովան` մերձավոր արտասահմանի երկրներում Sputnik սոցցանցերի զարգացման համար «Սոցմեդիա» կատեգորիայի «Ինտերնետ–ԶԼՄ» անվանակարգում, իսկ Դմիտրի Պիսարենկոն` «Ռուսաստանից դուրս ռուսալեզու ԶԼՄ–ների առաջխաղացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար» անվանակարգում։
Հաղթողների պարգևատրման արարողությունը կայացել է հունիսի 1–ին Մոսկվայում։
«Լավ մարդու համար լավագույն ուղեկիցը տանը կամ ճանապարհին, մտերիմ մարդկանցից բացի, միշտ եղել է ռադիոն։ Առանց ռադիոյի անհնար է նույնիսկ ХХI դարում։ Իսկ Sputnik ռադիոն լավագույնն է, ինչ կա շուկայում։ Այսօրվա մրցանակը հաստատում է դա», – նշել է Ալեքսեյ Օրլովը։
Մարգարիտա Նեկրասովան իր հերթին ընդգծել է, որ Sputnik–ի խմբագրությունները մերձավոր արտասահմանում գործում են արդեն ավելի քան 5 տարի` այդ երկրների մեդիաշուկաներում դառնալով առաջատարներից մեկը։
«Մենք կողմնորոշվում ենք օբյեկտիվ ցուցանիշներով` լսարանի աճ և նրա ներգրավվածությունը։ Այս մրցանակը ցույց է տալիս, որ մեր հաջողությունները նկատել է նաև պրոֆեսիոնալ հանրությունը։ Հպարտանում եմ այն տպավորիչ արդյունքներով, որոնց հասնում է մեր թիմը»,–ասաց նա։
Sputnik Արմենիայի տնօրեն Դմիտրի Պիսարենկոն հատուկ ընդգծել է, որ արտերկրում ռուսալեզու մեդիայի առաջմղման գործում նշանակալի ավանդը պատկանում է ազգային կոլեկտիվին։
«Մայրենի լեզվի մակարդակով ռուսերենին տիրապետող և ռուսերենն իրենց աշխատանքային լեզուն համարող մեր աշխատակիցներն են հասել նրան, որ այս թևավոր արձանիկի տեսքով մրցանակն այս տարի Երևան է թռչում` Sputnik Արմենիայի խմբագրություն», – ասել է Դմիտրի Պիսարենկոն։
«Ռուսաստանի մեդիա մենեջեր» ազգային մրցանակը հիմնադրվել է մեդիաբիզնեսում, գովազդում և հաղորդակցությունների ոլորտում առավել նշանակալի ձեռքբերումների հանրահռչակման նպատակով։ Այն ամեն տարի շնորհվում է ԶԼՄ–ների, գովազդի և PR ոլորտներում լավագույն թոփ մենեջերներին, որոնք իրենց ոլորտում արհեստավարժություն և վարպետություն են ցուցաբերել։
Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիոկայան է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Այն ներառում է ավելի քան 32 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում: Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են նաև անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով:
Sputnik տեղեկատվական ռեսուրսների լսարանն ամսական ավելի քան 60 միլիոն է կազմում, Վեյբոյում Sputnik China–ի էջի բաժանորդների թիվը գրեթե հասնում է 9 միլիոնի: Ամբողջ աշխարհում`Պեկինից Մոնտենեգրո, սփռված խմբագրական 22 կենտրոնում աշխատում են տասնյակ ազգությունների ավելի քան հազար մարդ: Sputnik–ն ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում, գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում:
Sputnik Արմենիայի խմբագիրը երկրորդ տեղը գրավեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների մրցաշարում