Խորհրդարանը կես ամիս ուշացումով արտահայտեց բյուջե 2020–ի նկատմամբ իր «վերաբերմունքը»

2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը հաստատել էր դեռ ապրիլի 22-ին։ Հունիսի 1-ից այն քննարկման էր դրվեց ԱԺ մշտական հանձնաժողովներում, իսկ հունիսի 15-ին ներառվել ԱԺ հերթական նիստերի օրակարգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովն այսօր ընթացող արտահերթ նիստում հաստատեց 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ Ֆինանսների նախարարության ներկայացրած հաշվետվությանը կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ` 4, ձեռնպահ` 2։

Հիշեցնենք` խորհրդարանի երեկվա` հունիսի 30-ի նիստում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել էր «բյուջետային գործընթացը համարվում է ավարտված այն պահին, երբ ԱԺ–ն իր վերաբերմունքն է արտահայտում բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ»։

Գերակատարելը չի նշանակում, որ կունենանք արտառոց եկամուտներ. տնտեսագետ

Նախարարի ակնարկած «վերաբերմունքն» այս տարի ՀՀ 30-ամյա պատմության մեջ առաջին անգամ շուրջ կես ամսով ուշացել է։

2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը հաստատել էր դեռ ապրիլի 22-ին։ Հունիսի 1-ից այն քննարկման էր դրվեց ԱԺ մշտական հանձնաժողովներում, իսկ հունիսի 15-ին ներառվեց ԱԺ հերթական նիստերի օրակարգում։

Բայց արտահերթ ընտրությունների քարոզարշավը մոռացության էր մատնել բյուջեի կատարողականը։

Դրա հաստատման նպատակով հունիսի 15-17-ին գումարվող ԱԺ–ի նիստերը 3 օր շարունակ տեղի չէին ունենում` քվորումի բացակայության պատճառով։

Եվ միայն ընտրությունների ավարտից հետո` կես ամիս ուշացումով ԱԺ–ն այսօր հրավիրված արտահերթ նիստում ի վերջո քննարկեց 2020թ–ի բյուջեի կատարողականը։

Վարակն ու պատերազմը անկառավարելի իրավիճակ չառաջացրին. ԱԺ–ն քննարկեց բյուջեի կատարողականը

Այսօր ընդունված որոշմամբ` խորհրդարանը հաստատեց` 2020թ–ին տնտեսական անկումը կազմել է 7.4 տոկոս, միջին գնաճը գտնվել է կառավարելի` 1.2 տոկոսի միջակայքում: Եկամուտների մակարդակը փոփոխությունների արդյունքում կազմել է 1 տրլն 563 մլրդ դրամ՝ ծրագրված 1 տրլն 695 մլրդ–ի փոխարեն: Ծախսերն աճել են՝ կազմելով 1 տրլն 989 մլրդ դրամ, դեֆիցիտը հասել է շուրջ 14 մլրդ–ի, իսկ պետական պարտքը գերազանցել է թույլատրելի շեմը` հասնելով 7 մլրդ 969 մլն դոլարի։

Պետական բյուջեով նախատեսված 109 միջոցառում չի իրականացվել. ՀՊ նախագահ

Այդուհանդերձ, ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը հունիսի 30-ի իր ելույթում վստահեցրեց, որ համավարակի ու պատերազմի տարում Հայաստանի ֆինանսական համակարգին հաջողվել է խուսափել ֆինանսական միջոցների համատարած բաշխումից ու որպես դրա հետևանք` անկառավարելի իրավիճակից ու մակրոկայունության հիմքերի խարխլումից։