Վերականգնվել է Ղազախստան-Հայաստան-Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը

Նախնական տվյալներով` Նուր–Սուլթան–Երևան–Նուր–Սուլթան երթուղին կգործարկվի առաջիկա օրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան–Հայաստան–Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը։ Տեղեկությունը հայտնում է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը։

«Այսուհետ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Ղազախստանի տարածք` առանց հիմք ներկայացնելու։ Այս պահի դրությամբ փաստացի գործում է միայն Ակտաու–Երևան–Ակտաու երթուղին»,- նշված է դեսպանության Facebook-յան էջում։

Նախնական տվյալներով` Նուր–Սուլթան–Երևան–Նուր–Սուլթան երթուղին կգործարկվի առաջիկա օրերին, եթե լինեն անհրաժեշտ քանակությամբ ուղևորներ։

Դեսպանատնից հիշեցնում են, որ Ղազախստան–Հայաստան–Ղազախստան կանոնավոր ավիափոխադրումը դադարեցվել էր 2020 թ․ հունվարի 21-ից նախ տեխնիկական, ապա COVID-19 համավարակի պատճառով։

Ղազախստանի տարածք մուտք գործելիս բոլոր անձինք պարտավոր են ներկայացնել COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ (կարող է լինել ռուսերեն կամ անգլերեն)՝ առավելագույնը 72 ժամ (3 օր) վաղեմության ժամկետով, կամ COVID-19 դեմ միայն Ղազախստանում ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ։