Մելնիկովն ու Սիմոնյանը ծանոթացել են երկաթուղային գծերի հիմնանորոգման գործընթացին

Հարավկովկասյան երկաթուղում շարունակվում է ուղու կապիտալ վերանորոգումը։ Միայն 2021 թվականի համար ՀԿԵ-ի ենթակառուցվածքներում նախատեսված ներդրումների չափը կազմում է 2 միլիարդ 773 միլիոն դրամ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ու Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները ծանոթացել են Մայիսյան-Ջաջուռ հատվածում կատարվող երկաթուղային գծերի հիմնանորոգման գործընթացին: Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

Մելնիկովն ու Սիմոնյանը ծանոթացել են երկաթուղային գծերի հիմնանորոգման գործընթացին

Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի և ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ հանձնաժողովն այցելել է Ջաջուռ-Ղալթախչի հատված, որտեղ հիմնովին վերականգնվել է գծի 2 կմ:

Երկաթուղային գծերի հիմնանորոգման գործընթացը մեկնարկել է ապրիլի կեսերին: Այս տարի նախատեսվում է հիմնանորոգել 9,5 կիլոմետր գիծ:

Մելնիկովն ու Սիմոնյանը ծանոթացել են երկաթուղային գծերի հիմնանորոգման գործընթացին

Մասիսի գծային մեքենայացված կայանի անձնակազմն արդեն սկսել է դաշտային աշխատանքները Լոռու մարզում գտնվող Սանահին-Թումանյան վազուրդում: Վերանորոգման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել նաև Ջաջուռ-Ղալթախչի, Պռոշյան-Եղվարդ և Սևան-Ծովագյուղ հատվածներում:

Գծերի հիմնանորոգումը ենթադրում է հողաթմբի վերին շերտի նորացում, ռելսակոճային վանդակի ամբողջական փոխարինում։

Ընկերությունն այս տարի նախատեսում է գնել և տեղադրել 28 հազար երկաթբետոնե կոճեր և 15,3 հազար խորանարդ մետր խճաքար:

Միայն 2021 թվականի համար ՀԿԵ-ի ենթակառուցվածքներում նախատեսված ներդրումների չափը կազմում է 2 միլիարդ 773 միլիոն դրամ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Սև ծովով լաստանավային բեռնափոխադրումը կմեծացնի Հայաստանից արտահանումը. ՀԿԵ տնօրեն