ՊՊԾ-ն, ԱԱԾ-ն պիտի պատրաստ լինեն կանխելու ցանկացած մարտահրավեր. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մասնագիտական օրվա առթիվ այցելել է ՊՊԾ աշխատակիցներին, շնորհավորել նրանց, խոսել ոլորտում առկա բացթողումների ու դրանց լուծման ուղիների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՊՊԾ կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստում հայտարարել է, որ ԱԱԾ Պետական պահպանության ծառայությունը մեր երկրի կարևոր ինստիտուտներից մեկն է: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Հայաստանի պարագայում դա հատկապես ընդգծվում է, որովհետև ցավոք մեր երկրում տեղի են ունեցել այնպիսի իրադարձություններ, ինչպիսին 1999 թվականի հոկտեմբերի 27-ն է: Նաև վերջին ամիսներին Պետական պահպանության ծառայության կարևորությունը ընդգծվեց»,- ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ պետության և պետական ինստիտուտների անվտանգության ապահովումը մեր երկրի կարևորագույն խնդիրներից է, իսկ այժմ, երբ մեր պատմության մեջ բոլորովին նոր փուլ է բացվել` աղետաբեր պատերազմից, բախումների ճգնաժամերից հետո ի վերջո կարող ենք խոսել ապագայի նկատմամբ մեր լավատեսությունը փշուր-փշուր վերականգնելու մասին:

ՊՊԾ-ն, ԱԱԾ-ն պիտի պատրաստ լինեն կանխելու ցանկացած մարտահրավեր. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այս ընթացքում վեր են հանվել Պետական պահպանության ծառայության աշխատանքում եղած բացթողումներն ու խնդիրները և դրանց լուծման ճանապարհները:

«Այս պահին համոզված եմ մի բանում` Պետական պահպանության ծառայության և նրա ստորաբաժանումների ղեկավարությունը կոմպետենտ է, իրավասու է կատարել իր առջև դրված խնդիրները: Եվ մենք միասին պետք է մեր առաջ դրված խնդիրը լուծենք. այն է՝ ապահովենք Պետական պահպանության ծառայության ինստիտուցիոնալ զարգացումը: Այն ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է լինել մեր երկրի անվտանգության ապահովման կարևոր հենասյուներից մեկը»,- շեշտել է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Պետական պահպանության ծառայության գործունեության ոլորտում եղել են նաև անցանկալի դրսևորումներ, որի առանցքային պատճառներից մեկն այն էր, որ Պետական պահպանության ծառայության անձնակազմի մեծ մասը նոյեմբերի դրությամբ գտնվում էր Հայրենիքի սահմանների պաշտպանության դիրքերում:

«Պատերազմի օրերին հանրապետության քաղաքական ղեկավարության առաջնահերթությունը ոչ այնքան սեփական կամ շենք-շինությունների անվտանգության ապահովումն էր, որքան Հայրենիքի տարածքային ամբողջականության ապահովումը: Եվ այդ մոտեցումն է եղել պատճառը, որ նոյեմբերի 9-ին ոչ միայն ՊՊԾ, այլև գործնականում մեր իրավապահ համակարգի մեծ մասը գտնվել է սահմանին, առաջնագծում»,- ընդգծել է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ներկաներին ծառայության համար և մաղթել, որ մարտահրավերները ոչ թե ահագնանան, այլ մեղմվեն, միաժամանակ ընդգծել, որ ՊՊԾ-ն, ԱԱԾ-ն պիտի պատրաստ լինեն կառավարել, կանխել ցանկացած մարտահրավեր։

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով, Վարչապետի հուշամեդալով և խրախուսվել վարչապետի շնորհակալագրով:

ՊՊԾ-ն, ԱԱԾ-ն պիտի պատրաստ լինեն կանխելու ցանկացած մարտահրավեր. Նիկոլ Փաշինյան

Արսեն Թորոսյանը գնում է ԱԺ. Փաշինյանը ներկայացրել է նորանշանակ աշխատակազմի ղեկավարին