Մեր ընտրությունները նման են Տունգուսկայի երկնաքարի առեղծվածին` իրարամերժ վարկածներով լի

Եկեք անկեղծ լինենք։ Մեր գրեթե բոլոր ընտրությունները անպայման պարունակում են ինչ-որ շատ առեղծվածային մի տարր։ Ոմանք հաստատ պնդում են, թե աղաղակող խախտումներով են անցել, մյուսները հակադարձում են, թե մաս-մաքուր են եղել։
Sputnik
Մեր ընտրությունները նման են Տունգուսկայի երկնաքարի առեղծվածին` իրարամերժ վարկածներով լի

Եվ մեծ հավանականությամբ կարելի է կանխատեսել, որ տասնամյակների այս բարի ավանդույթը սրբորեն կպահպանվի, և այս վերջին ընտրություններն էլ մեր պատմության մեջ կմնան որպես առեղծվածային։ Դուք, իհարկե, շատ կզարմանաք, եթե առաջին հայացքից անհեթեթ թվացող համեմատություն անեմ և ասեմ, որ մեր ընտրությունները նման են 20-րդ դարի երևի թե ամենամեծ առեղծվածին՝ Տունգուսկայի մետեորիտի ֆենոմենին, երբ շատերն են տեսել, որ ինչ-որ բան պատահել է, բայց հիմա՝ ավելի քան 100 տարի անց էլ, լիովին պարզ չէ, թե ինչ է կատարվել և, ուրեմն, ստիպված ենք բավարարվել իրարամերժ վարկածներով։

​Իսկ պատահել է հետևյալը։ 1908 թվականի հունիսի վերջին օրը վաղ առավոտյան բազմաթիվ մարդիկ տեսան, թե ինչպես  ողջ երկնակամարով սուրաց մի մեծ այրվող գունդ, որն իջավ դեպի սիբիրյան անծայրածիր տայգան, ինչից հետո պայթյունի ձայն լսվեց, ամեն ինչ անսպասելիորեն լուսավորվեց, և հետեւեց հարվածային ալիքը, որը զգացվեց տասնյակ, նույնիսկ հարյուրավոր կիլոմետրերի վրա։  Որքան էլ զարմանալի թվա, այս աննախադեպ երևույթը շատ երկար ժամանակ ընդհանրապես ուշադրության չարժանացավ։

Երևանի քաղաքապետների արտառոց ազատումները. կարևոր չէ` ոնց ես աշխատել, կարևորը` ՔՊ–ին գովես

Չե՞ք հավատում։ Վերցրեք այն ժամանակվա մոսկովյան և պետերբուրգյան թերթերը, հավատացնում եմ ձեզ՝ մի բառ էլ չեք հայտնաբերի հեռավոր Սիբիրում՝ Պոդկամեննայա Տունգուսկա գետի մոտակայքում տեղի ունեցածի մասին։ Շատ կցկտուր տեղեկություններ զետեղվեցին ընդամենը տեղական մամուլում։ Հետո սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, տեղի ունեցավ Հոկտեմբերյան հեղափոխությունը, և միայն մոտ 20 տարի անց՝ 1927 թվականին, առաջին անգամ դեպքի վայր ժամանեց ռուսաստանցի գիտնականների արշավախումբը Լեոնիդ Կուլիկի գլխավորությամբ։

​Ի՞նչ հայտնաբերվեց։ Բացարձակ ոչինչ։ Այսինքն` կատարվածի հետևանքներն, իհարկե, ակնհայտ էին և տպավորիչ՝ մի քանի տասնյակ կիլոմետր շառավղով արմատախիլ էր արված, չեք հավատա՝ մի քանի միլիոն ծառ. մի մասը լիովին ածխացել էր։ Դեռ այն ժամանակ մասնագետների առաջին ենթադրությունը սա էր՝ երկրի վրա մի մեծ մետեորիտ է ընկել՝ մոտ 100 մետր տրամագծով, իսկ պայթյունի ուժգնությունը եղել էր հետագայում Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբի 200-ապատիկը։ Սակայն անպատասխան մնաց Տունգուսյան առեղծվածի ամենամեծ առեղծվածը՝ բա որտե՞ղ են այդ երկնաքարի մասնիկները, չէ՞ որ մինչ այժմ էլ այդ վայրում մետեորիտի փոքրագույն մասնիկներ անգամ չեն հայտնաբերվել։

«Իսկական» «գելափներն» էլ են սխալվում. ինչու հայերը չեն վստահում սոցիոլոգիական հարցումներին

​Մոտ մեկ տարի առաջ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի մի շարք ինստիտուտները ներկայացնող մասնագետների խումբը առաջին հայացքից անհավանական մի բացատրություն ներկայացրեց, որը հրապարակվեց միջազգային հեղինակավոր գիտական հանդեսներից մեկում։ Սիբիրում ոչինչ չի հայտնաբերվել այն պարզ պատճառով, որ իրականում այնտեղ ոչինչ էլ չի ընկել։

Ի՞նչ կարող է անել նոր ԱԺ–ն. հայրենասիրության ցուցադրում, թե արդյունավետ աշխատանք

Ռուսաստանցի գիտնականների վարկածն այսպիսինն է. այն ժամանակ՝ 1908 թվականի ամռանը, մեր երկնագույն մոլորակին  է մոտեցել մի հսկայական աստերոիդ, որը, մխրճվելով մթնոլորտի մեջ, գրեթե քսվելով անցել է Երկրի մակերևույթի վրայով, ինչի հետևանքով Սիբիրում գետնից մոտ 10 կիլոմետր բարձրության վրա հզոր պայթյուն է որոտացել, բայց աստերոիդը Տունգուսկայի մոտ չի ընկել, այլ ինչպես մտել էր, այնպես էլ դուրս է եկել մեր մթնոլորտային շերտից եւ ուղևորվել դեպի բաց տիեզերք։

​Համաձայնե՛ք, խելքին մոտ բացատրություն է, բայց նաև հասկանում եք՝ սա էլ ընդամենը գիտական վարկածներից մեկն է։ Ու շատ լավ գիտեք, որ երբ վերջնական գիտական բացատրություն չկա, սկսում են սնկի նման աճել ամենաանհավանական վարկածները։ Օրինակ` հսկա տիեզերանավ է եղել, որում տիեզերքով ճամփորդում էին ջրին կարոտ այլմոլորակայինները։ Ինչո՞ւ ջրին կարոտ։ Ինչպե՞ս թե ինչու՝ չէ՞ որ գնում էին քաղցրահամ ջրի իրենց պաշարները վերականգնելու։ Իսկ որտե՞ղ են գտնվում այդ պաշարները։ Դպրոցից էլ գիտենք՝ մեր մոլորակի քաղցրահամ ջրի ամենամեծ պահեստարանը Բայկալ լիճն է։ Հենց այնտեղ էլ ուղևորվում էին այլմոլորակայինները, բայց չհասան։

​Եվ իրենց անջուր մոլորակում հիմա երկրորդ արշավախումբն է պատրաստվում գալ Երկիր։ Շատ եմ խնդրում՝ մեր հարազատ Սևանի մասին՝ ո՛չ մի խոսք։ Մեզ հիմա միայն դա էր պակաս։