«Մենք ստացել ենք մանդատ՝ օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու վերաբերյալ». Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ 2018թ. ձևավորված իշխանությունը հրաժարվեց դատաիրավական համակարգի թելադրանքի քաղաքականությունից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. 44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է լրջորեն և մանրամասն քննության առարկա դառնան, որովհետև կան հարցեր, որոնց պատասխանը պիտի ստանա հանրությունը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ դատախազության ստեղծման 103-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում, հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։

Ապօրինի ծագման գույքի բռնագանձման ուսումնասիրություններից 3-ն ավարտվել են. դատախազություն

Նրա խոսքով`վերջին 7-8 ամիսներին Հայաստանն անցել է աննախադեպ ցնցումների միջով: «Մենք ունեցել ենք եզրային վիճակներ, որտեղ ընդհանրապես պետական ինստիտուտների ու պետության գոյության հարցն է դրվել կասկածի տակ, և այստեղ իրավակարգի ապահովման ուժերի և մարմինների դերակատարումը պիտի առանցքային լիներ՝ երաշխավորելու համար մեր իրավակարգը, մեր սահմանադրական կարգը, մեր պետականության լինելիությունը»,–ասել է նա:

Այս առումով Նիկոլ Փաշինյանն ընդգծել է իրավապահ համակարգի և դատախազության դերը: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այսպիսի ճգնաժամային իրավիճակներում առավել ևս ակներև է դառնում պետական ինստիտուտների և հատկապես դատախազության կարևորությունը:

«Առաջիկայում շատ ավելի կարևոր և ծավալուն աշխատանք է սպասվում: Հանրությունն ու բոլորս, կարծում եմ, ունենք գիտակցում, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է լրջորեն և մանրամասն քննության առարկա դառնան, որովհետև կան հարցեր, որոնց պատասխանը պիտի ստանա հանրությունը»,–ասել է Փաշինյանը:

Ծառահատումներն այնպես են գրանցել, որ ծառագողերը չպատժվեն. դատախազության բացահայտումը

Վարչապետի պաշտոնակատարը շեշտել է, որ 2018թ. ձևավորված իշխանությունը հրաժարվեց դատաիրավական համակարգի թելադրանքի քաղաքականությունից:

«Շատ կարևոր է արձանագրել, որ մենք ՀՀ քաղաքացիներից ստացել ենք մանդատ՝ օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու վերաբերյալ: Սա ի՞նչ է նշանակում. սա նշանակում է, որ պիտի կարողանանք հասնել մի իրադրության, երբ ՀՀ քաղաքացիների և ինստիտուտների փոխադարձ հարաբերությունները հենված և սահմանափակված լինեն օրենքներով ու իրավունքով, և մյուս կողմից այդ օրենքները լինեն կիրառելի, այդ օրենքները ծառայեն իրավունքին և այդ օրենքները լինեն մարդկանց համար, հանրության համար, և ոչ թե հակառակը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Վերացրե՛ք Չարչյանի կալանքը. սպիտակ խալաթներով ակցիա` դատախազության դիմաց. տեսանյութ

Փաշինյանը Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրել Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանին, Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արթուր Չախոյանին և Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Վահե Ռաֆայելյանին:

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին է ներկայացրել միջնորդություն՝ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Աֆանդյանին, գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Բաղդասարյանին և գլխավոր դատախազի տեղակալ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սրբուհի Գալյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու վերաբերյալ: