ՌԱԴԻՈ

Հանցագործության ամեն դեպք կարող է ֆիքսվել. Քոչարյանը` բջջային նոր հավելվածի մասին

ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է տրանսպորտային խախտումները տեսա-լուսանկարահանելու և բջջային հավելվածի միջոցով հաղորդում տալու որոշման կարգի մասին։
Sputnik
Հանցագործության ամեն դեպք կարող է ֆիքսվել. Քոչարյանը` բջջային նոր հավելվածի մասին

Տրանսպորտային խախտումները տեսա-լուսանկարահանելու և բջջային հավելվածի միջոցով հաղորդում տալու որոշման ընդունման մեջ հանրային պահանջն իրոք աշխատել է, որովհետև հասարակության մեջ կար նման քննարկում, և բոլորը պահանջում էին, որպեսզի պետությունը տա հնարավորություն սոցիալական վերահսկողության այդ ձևը կիրառելու համար։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը։

«Դա կանխարգելիչ մեխանիզմ է, կարող է տալ դրական արդյունք, բայց միայն բալային ռեֆորմին առնչվող գործընթացին զուգահեռ, որը դեռ ավարտված չէ։ Պարեկային ծառայությունն էլ դեռևս չկա, վարորդներից շատերը թեև վարելու իրավունքից զրկված են, սակայն շարունակում են երթևեկել, և նրանց հայտնաբերելն այդքան էլ հեշտ չէ, եթե պատահականության շնորհիվ չհայտնվեն տեսադաշտում, ուստի նման իրավիճակում վերահսկողական այդ մեխանիզմն իսկապես օգուտ կտա»,– նշեց ոստիկանապետի նախկին տեղակալը։

ԱԱԾ–ն բացահայտել է ավտոմեքենաների թանկ համարանիշները գողացող հանցավոր խմբի անդամներին

Քոչարյանի կարծիքով` ամեն մարդ չէ, որ կօգտվի վարչարարական այդ մեթոդից, սակայն շատ շատերը հատկապես գիշերվա ժամերին հնարավորություն կունենան օրինախախտ վարորդներին ֆիքսել և նրանց վերաբերող նյութերն ուղարկել ոստիկանություն, որպեսզի նրանք պատասխանատվություն կրեն։ Ըստ նրա` օրենսդրական նախագծում ի սկզբանե ամրագրվել են կոնֆիդենցիալության երաշխիքներ, օրինակ` իրավախախտում թույլ տված վարորդի արարքն արձանագրող անձի տվյալները գաղտնի են պահվում։

«Մենք ունենք ակտիվ քաղաքացիների մի զանգված, որոնք բոլորովին այլ մենթալիտետ ունեն։ Երբեմն ինձ մոտ նույնպես ցանկություն է առաջանում իրավախախտ վարորդների հետևից ընկնել, երբ գիշերվա ժամերին տեսնում եմ, թե ինչպիսի խուլիգանական վարքագիծ են դրսևորում փողոցներում։ Եթե հնարավորություն ունենամ, ինքս էլ անկասկած կնկարահանեմ իրավախախտումը։ Ընդհանրապես հանցագործության ցանկացած դեպք կարող է ֆիքսվել բջջային հավելվածով և ուղարկվել որպես հանցագործության մասին հաղորդում, քաղաքացիները հետագայում կօգտվեն նաև այդ հնարավորությունից»,– ասաց ոստիկանապետի նախկին տեղակալը։

Հուլիսի 1-ից Երևանում ևս մեկ երթուղի կաշխատի կոմպակտ դասի նոր ավտոբուսներով

Քոչարյանի տեղեկացմամբ` նախագծով կան նաև որոշակի սահմանափակումներ, այսինքն` ամսվա կտրվածքով մեկ ավտոմեքենայի նկատմամբ բջջային հավելվածով նույն համարից որոշակի քանակից ավելի ամրագրումներ չեն արվում, նման չարաշահումներն արգելափակող մեխանիզմներ նույնպես նախատեսվում են, երբ ինչ-որ մեկը կարող է ինչ-որ մեկի հետևից ընկնել` նրան միտումնավոր վատություն անելու նկատառությամբ։

«Բողոքարկման մեխանիզմ նույնպես կա, քանի որ վարչական ակտը տեսանյութի հիման վրա ընդունելու է ոչ թե քաղաքացին, այլ ոստիկանությունը։ Սակայն բողոքարկման պարագայում վարորդներն ինչ էական, լուրջ բան պետք է գտնեն, եթե իրավախախտումը տեսանկարահանված է ու բացահայտ երևում է, այսինքն` արժանահավատության աստիճանը շատ բարձր է լինելու»,– ասաց ոստիկանապետի նախկին տեղակալը։

Հուլիսի 1-ից քաղաքացիները կարող են հեռախոսով արձանագրել երթևեկության կանոնների խախտումները

Քոչարյանի համոզմամբ`թեև ռեպրեսիվ մեխանիզմներն անշուշտ իրավակարգում օրինականություն ապահովելու համար կարևոր են, սակայն դրանց դերը չարժե բացարձակացնել։

Ըստ նրա` կան տգետ վարորդներ, պոտենցիալ չարամիտ խախտումներ թույլ տվող վարորդներ, որոնց զսպելու միակ հնարավորությունը նրանց վարքագծի նկատմամբ պերմանենտ ուշադրություն սևեռելն է և իրավական ներգործության միջոցներ կիրառելը` ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության ենթարկելը, հետևաբար մենք այն վիճակում չենք, որ վերահսկողական մեխանիզմների նկատմամբ թերահավատ լինենք։              

Նշենք, որ 2021 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի տրանսպորտային խախտումները տեսա-լուսանկարահանելու և բջջային հավելվածի միջոցով հաղորդում տալու որոշման կարգը։

Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախակի հանդիպող և սովորական քաղաքացու համար տեսանելի 12 տեսակի իրավախախտում՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, կանգառի կայանման կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, ավտոմեքենայից աղբ նետելը և այլն:

Հիշեցնենք, որ համապատասխան որոշումն ընդունվել էր 2020 թվականի հունիսի 11-ին ՀՀ կառավարության նիստում: