Վլադիմիր Կարապետյանը պատրաստ է զարգացնել Ուկրաինայի հետ հարաբերությունները

Նորանշանակ դեսպանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի– Sputnik. Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հուլիսի 1-ին հավատարմագրերի պատճենը հանձնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլ Բոդնարին։ Տեղեկությունը հայտնում է դեսպանությունը։

«Արարողակարգային շփումից հետո տեղի է ունեցել հայ-ուկրաինական երկկողմ հարաբերություններին վերաբերող, համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի քննարկում։ Կողմերը հաստատակամություն են հայտնել հնարավորինս արդյունավետ համագործակցության, արդի օրակարգի պայմաններում երկու երկրների հարաբերությունների խորացման ուղղությամբ»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Կարապետյանը հանդիպում է ունեցել նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ։

Նախարարը պատրաստակամություն է հայտնել նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը բոլոր ոլորտներում։

Կուլեբան շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Հայաստանը կշարունակի ժողովրդավարական բարեփոխումները։

Հիշեցնենք` Կարապետյանը Ուկրաինայում ՀՀ դեսպան էր նշանակվել հունիսի 1-ին` Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով` 3 տարի ժամկետով (նստավայրը՝ Կիև)։ Մինչ այդ նա Փաշինյանի խոսնակն էր։