Ծաղկի կրպակը կապ չունի. ՔԿ–ի հայտարարությունը ՀՔԾ նախկին պետի որդու դանակահարության մասին

ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է զերծ մնալ չճշտված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի աշխատակից Նարեկ Շահինյանը ծաղկի կրպակի հետ որևէ առնչություն չունի, ուստի էլեկտրոնային մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե իբր վիճաբանության պատճառ է հանդիսացել քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ծաղկի կրպակի ապամոնտաժումը, իրականության հետ որևէ աղերս չունի: Նման հայտարարություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հայտնել էինք, որ երեկ՝ հունիսի 30-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը, ինչպես պարզվել է, Երևան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Նարեկ Շահինյանն է։

Արարատի մարզում երիտասարդներ են դանակահարվել. նրանք տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ

«2021թ. հունիսի 30-ին Երևան քաղաքի Իսահակյան-Տերյան փողոցների հատման խաչմերուկում  մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ընթացքում Նարեկ Շահինյանն ստացել է մարմնական վնասվածքներ, ինչի կապակցությամբ դիմել է բժշկական օգնության: Բուժհիմնարկից ստացված համապատասխան հաղորդագրության հիման վրա՝ դեպքի հանգամանքները պարզելու և մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով նախապատրաստվում են նյութեր»,–ասվում է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Կոմիտեն հորդորում է զերծ մնալ չճշտված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց:

Հավելենք` shamshyan.com–ի տվյալներով` Նարեկ Շահինյանին դանակահարելու մեջ որպես կասկածյալ որոնվում է Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի բաժիններից մեկի պետը։

Տուժածը Հայաստանի հատուկ քննչական ծառայության նախկին պետ Վահրամ Շահինյանի որդին է։