Արցախում ռուս խաղաղապահները երկար են մնալու. Արտակ Բեգլարյան

Արտակ Բեգլարյանի խոսքով` բացի խաղաղապահներից ՊԲ-ն էլ երաշխավորում է ու ժամանակի ընթացքում շատ ավելի արդյունավետորեն է երաշխավորելու Արցախի անվտանգությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը կարծում է, որ ռուս խաղաղապահների ու ընդհանրապես խաղաղապահների ներկայությունն Արցախում 5 տարով չէ սահմանափակված: Այս մասին նա հայտարարեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսում:

«Թե լուծումներն ինչպիսին կլինեն, ժամանակը ցույց կտա, նաև գերտերություններն իրենց գործողություններով ցույց կտան: Բայց ես համոզված եմ, որ մենք երկար ժամանակ ենք այստեղ ունենալու ռուս խաղաղապահներ, որոնք երաշխավորելու են մեր անվտանգությունը: Իհարկե մեր ՊԲ-ն, մեր զինված ուժերն իրենք իրենց մասով երաշխավորում են ու ժամանակի ընթացքում շատ ավելի արդյունավետորեն են երաշխավորելու մեր անվտանգությունը»,-ասաց նա:

Շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու. Բեգլարյան

Նրա խոսքով` մեր օրակարգը խաղաղ բանակցային, քաղաքական գործընթացով մեր անվտանգության երաշխավորումն է, որին հուսով է, թե Ադրբեջանը պատրաստ կլինի։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցինլ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: