ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Պետության կողմից անվճար տրամադրվող դեղերի անարդյունավետության պատճառով պացիենտները հիվանդանոցային կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության ընթացքում դեղերի զգալի մասն իրենց միջոցներով են ձեռք բերում: Տեղեկությունը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Սոցիալապես անապահով մարդկանց, նրանց ընտանիքների բողոքները վեր են հանել դեպքեր, երբ բժիշկներն իրենք են խորհուրդ տալիս չօգտվել պետության տրամադրած անվճար դեղերից, քանի որ դրանք անարդյունավետ են»,- գրել է նա:
Նրա խոսքով` խնդրահարույց է նաև անվճար դեղերի համար պետության անցկացրած մրցույթը, որտեղ հաղթող է ճանաչվում մրցույթի ամենացածր գինն առաջարկած մասնակիցը: Արդյունքում՝ պացիենտին առաջարկվում են ամենաէժան դեղերը, ինչն իր հետ առաջ է բերում նաև որակի կամ այդ դեղի արդյունավետության խնդիր:
«Ստացվում է՝ մարդուն պետությունը հատկացնում է դեղերից ամենաէժանն այն դեպքում, երբ այդ դեղի որակը կասկածի տակ է դնում ոչ միայն դեղ օգտագործողը, նույն դեղը վաճառողը, այլ նաև բուժումն իրականացնող բժիշկը: Ավելին, առկա են առողջական վիճակի վատթարացման մասին բողոքներ»,- ընդգծել է նա:
Թաթոյանի խոսքով` պետությունը ձախողում է իր պարտավորությունները կամ դրանք կատարում է թերություններով:
«Սպուտնիկ V»-ով պատվաստման տարիքային շեմը հանվել է
Բողոքներով արձանագրվել են նաև «զարտուղի» ճանապարհով դեղեր գնելու ուղղորդման դեպքեր, երբ մարդկանց առաջարկվել է կոնկրետ դեղագործական կազմակերպություն՝ համարելով, որ անվճար տրամադրվող դեղորայքն անարդյունավետ է։
Եղել են դեպքեր, երբ պացիենտին անվճար դեղը չի տրամադրվել ոչ թե սահմանված ցանկում չլինելու, այլ գնումների հայտարարված մրցույթի ուշացման և չկայանալու հետևանքով:
Ի՞նչ դեղեր է պետք վերցնել ճամփորդելիս. բժշկի խորհուրդներ
Թաթոյանը հայտնել է, որ ընթացիկ տարում ՄԻՊ-ին դիմած քաղաքացիները, ովքեր ունեցել են տարատեսակ դեղերի կարիք և չեն ունեցել դրանք գնելու հնարավորություն, պաշտպանի աշխատակազմի կողմից ուղղորդվել են ՀՀ առողջապահության նախարարություն կամ տարածքային պոլիկլինիկա։