ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Google-ը կփոխի համացանցում տեղեկություն որոնելու սկզբունքները։ Ընկերությունն իր որոշման մասին հայտնել է բլոգում։
Ընկերությունը որոնման ալգորիթմում ներդնում է նոր «բազմախնդիր միասնական մոդելի» (MUM) տեխնոլոգիա, որը կտրամադրի ավելի ճշգրիտ տվյալներ՝ հիմնվելով ավելի շատ աղբյուրների վրա: Նոր տեխնոլոգիան կարող է միաժամանակ վերլուծել տեքստը, տեսանյութն ու ձայնը:
Օրինակ` Google-ի որոնման համակարգը մանրամասն կպատասխանի «այսօր ես բարձրացա Ադամս լեռը և մեկ տարի անց նախատեսում եմ բարձրանալ Ֆուձի լեռը, ինչպե՞ս պատրաստվել» հարցին։ Որոնման նոր համակարգը նախ կհամեմատի այդ լեռնագագաթների բարձրությունը, միջին ջերմաստիճանը, արշավային արահետների մատչելիությունն ու անհրաժեշտ սարքավորումները:
MUM-ը մշակվում է կորոնավիրուսի պատվաստանյութերի վերաբերյալ տեղեկատվության հիման վրա, որպեսզի Google-ը ոչ թե պատահական հղումներ տա, այլ «վստահելի աղբյուրներից» ստացված տվյալներ:
Ընկերությունը հավաստիացնում է, որ որևէ տեղեկություն չի պարտադրելու, և MUM-ը չի դառնալու գրաքննության գործիք: Նոր որոնման տեխնոլոգիան պատրաստ կլինի մի քանի տարի անց:
Մեր մոլորակի հայտնի ու անհայտ վայրերը տիեզերքից . Google Earth-ի ֆոտոշարքը