ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ռուս խաղաղապահներն Արցախի Մարտունու շրջանի մի քանի բնակավայրերի ջրամատակարարման համար ապահովում են ջրատարի վերականգնման աշխատանքների անվտանգությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, իրականացվում են Թաղավարդի, ինչպես նաև մերձակա բնակավայրերի ջրատար խողովակների տեղադրման անվտանգությանն ուղղված միջոցառումներ։ Աշխատանքների ավարտից հետո բնակիչները կապահովվեն խմելու ջրով։
Աղբյուրի համաձայն` աշխատանքների իրականացման ժամանակ անվտանգությունն ապահովելու համար ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոն են դիմել տեղի բնակիչները, քանի որ ջրատար կայանն ու ջրատարի երթուղին գտնվում են սահմանազատման գծի մոտ։
Անմիջապես աշխատանքների վայրում ռուս սակրավորները ստուգել են հարակից տարածքն ու իրականացրել պայթյունավտանգ առարկաների որոնում, որից հետո թույլատրել են ինժեներական տեխնիկային աշխատել։
Աշխատանքների ավարտից հետո Մարտունու շրջանի ավելի քան 4000 բնակիչ ապահովված կլինի խմելու ջրով։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցինլ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: