Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի 10 շահառուի գույքն անօրինական ձևով օտարել են

Գլխավոր դատախազության կողմից խնդիր է դրվել միջոցներ ձեռնարկել օրենսդրական փոփոխություններ կատարելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Խախտվել են Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի բազմաթիվ շահառուների գույքային իրավունքները։ Նման հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը` հավելելով, որ ուսումնասիրվել են հաշվեքննիչ պալատի կողմից 2021թ. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում իրականացված հաշվեքննության արդյունքները:

Քաղաքացին մահից հետո պրոթեզավորվել է, դիմում գրել. Հաշվեքննիչ պալատի ցնցող բացահայտումները

Պարզվել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեում տուն-ինտերնատի 10 շահառուների սեփական, ինչպես նաև նրանց շահերի տիրույթում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ կատարվել են գործարքներ՝ առանց նրանց կամ վերջիններիս խնամակալի մասնակցության:

Օրինակ, 2 դեպքում առանց խնամակալության մարմինների մասնակցության տեղի է ունեցել գույքի առքուվաճառք, որոնցով հարուցվել են քրեական գործեր: ՏԻՄ պատասխանատու պաշտոնատար անձինք անտեսել են այն հանգամանքը, որ անգործունակ ճանաչված 2 անձինք հանդիսացել են Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի շահառու, խնամակալ են ճանաչել այլ անձանց և տվել են գույքի օտարման համաձայնություն: Արդյունքում շահառուներին պատկանող գույքն անօրինական օտարվել է:

Ընդ որում, պարզվել է նաև, որ անձանցից մեկը թեև 2016թ.–ին ընդունվել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ, սակայն մինչ օրս հաշվառված է ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքում և ընդգրկված է ընտրողների ռեգիստրում:

Ո՞ր փուլում է ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը. հարցը քննարկվել է Փաշինյանի մոտ

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը, հանդիսանալով անգործունակ ճանաչված և իրենց մոտ տեղափոխված անձանց խնամակալը, տեղեկացված չի եղել վերջիններիս ժառանգության իրավունքի ծագման մասին և չի մասնակցել ժառանգության բացմանը:

Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել

Իսկ նոտարական գրասենյակները, չունենալով անգործունակ ճանաչված անձանց ցանկին հասանելիություն, այլ անձանց անուններով վավերացրել են գործարքներ և տվել ժառանգության իրավունքի վկայագրեր:

Արդյունքում տուն–ինտերնատի շահառուները զրկվել են առնվազն հիշյալ գույքի սեփականության, ինչպես նաև ժառանգման իրավունքներից:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը դիմել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ քննարկելու տուն-ինտերնատի շահառուների ժառանգության ընդունման պահանջներով հայց հարուցելու նպատակահարմարությանը հարցը:

Հոգեկան առողջության խնդրով կնոջը ստիպել է մուրալ, իսկ փողը խլել է. տղամարդը կալանավորվել է

Գլխավոր դատախազության կողմից խնդիր է դրվել միջոցներ ձեռնարկել օրենսդրական փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որպեսզի անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաև այլ խոցելի խմբերի իրավունքների հնարավոր խախտումները բացառվեն։