Վարակն ու պատերազմը անկառավարելի իրավիճակ չառաջացրին. ԱԺ–ն քննարկեց բյուջեի կատարողականը

Խորհրդարանն ավարտեց հաշվետվության քննարկումը, իսկ նախարարի պաշտոնակատարի ակնարկած «վերաբերմունքը» կարտահայտվի արդեն հուլիսի 1-ի նիստում կայանալիք քվեարկության արդյունքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն այսօր ԱԺ–ում 2020թ–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց, որ 2020թ–ի տարեվերջին ՀՀ պետական բյուջեի մնացորդը կազմել է 37 մլրդ դրամ։

Նրա խոսքով` այդ ցուցանիշը վկայում է, որ համավարակի ու պատերազմի տարում Հայաստանի ֆինանսական համակարգին հաջողվել է խուսափել ֆինանսական միջոցների համատարած բաշխումից ու որպես դրա հետևանք` անկառավարելի իրավիճակից ու մակրոկայունության հիմքերի խարխլումից։

«Դա տեղի չի ունեցել։ Մենք դա արձանագրել ենք ու կարծում ենք, որ ճիշտ քաղաքականություն է իրականացվել, այդ թվում նաև հակաճգնաժամային միջոցառումների իմաստով»,– ասաց Ջանջուղազյանը` միաժամանակ ԱԺ–ին շնորհակալություն հայտնելով բյուջեի կատարողականի քննարկման համար ժամանակ գտնելու ու հանգամանալից քննարկման համար։

Հիշեցնենք` 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը հաստատել էր դեռ շուրջ 2 ամիս առաջ` ապրիլի 22-ին։ Հունիսի 1-ից այն քննարկման դրվեց ԱԺ մշտական հանձնաժողովներում։ Իսկ հունիսի 15-ին ներառվեց ԱԺ հերթական նիստերի օրակարգում։

Ինչու է նվազել դոլարի փոխարժեքը. ԿԲ նախագահը մի քանի գործոն նշեց

Բայց արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկով բյուջեի կատարողականը մոռացության մատնվեց։

Անկախ Հայաստանի 30-ամյա պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանը բյուջեի քննարկումից հետո չհաստատեց կատարողականը։

Այդ նպատակով հունիսի 15-17-ին գումարվող ԱԺ–ի նիստերը 3 օր շարունակ տեղի չէին ունենում քվորումի բացակայության պատճառով։ Պատգամավորները 3 օր շարունակ ԱԺ գալու ժամանակ չէին գտնում։

Եվ միայն ընտրությունների ավարտից հետո կես ամիս ուշացումով ԱԺ–ն այսօր հրավիրված արտահերթ նիստում ի վերջո քննարկեց 2020թ–ի բյուջեի կատարողականը։

Ինչպես նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարը, բյուջետային գործընթացը համարվում է ավարտված այն պահին, երբ ԱԺ–ն իր վերաբերմունքն է արտահայտում բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ։

Փաստորեն խորհրդարանն այսօր ավարտեց հաշվետվության քննարկումը, իսկ նախարարի պաշտոնակատարի ակնարկած «վերաբերմունքը», թեևս կարտահայտվի արդեն ԱԺ–ի վաղվա նիստում կայանալիք քվեարկության արդյունքում։

Հարկային եկամուտների հավաքագրումներն իրականացվում են առաջանցիկ տեմպերով. Փաշինյան