ՌԴ փոխարտգործնախարարն ու ՄԱԿ-ի հանձնակատարը քննարկել են Ղարաբաղի հումանիտար խնդիրները

Ռուս դիվանագետը և ՄԱԿ-ի ներկայացուցիչը հաստատել են կառուցողական ու արդյունավետ փոխգործակցությունը շարունակելու նպատակաուղղվածությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին քննարկել են մի շարք հարցեր, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հումանիտար ասպեկտները: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

Չկա Ղարաբաղ` չկա հակամարտություն. Ալիևը կոչ է արել սահմազատման աշխատանքային խումբ ստեղծել

«Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հումանիտար ասպեկտներին», - ասված է հաղորդագրության մեջ:

Զրույցի ընթացքում քննարկվել են աշխարհում փախստականների, ներքին տեղահանվածների և քաղաքացիություն չունեցող անձանց դրության խնդիրները, ինչպես նաև ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն հանձնակատարի վարչության հետ Ռուսաստանի փոխգործակցության հեռանկարները:

Երկու կողմն էլ հաստատել է կառուցողական և արդյունավետ փոխգործակցությունը շարունակելու նպատակաուղղվածությունը։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: