Նյու Յորքի նախկին քաղաքապետին կասկածում են Թուրքիայի շահերին ծառայելու մեջ

Նշենք, որ 2018 թվականի աշնանը Նյու Յորքի նախկին քաղաքապետը Երևան էր այցելել, որտեղ հանդիպումներ էր ունեցել հայաստանյան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիին կասկածել են Թուրքիայի շահերին ծառայելու մեջ։

Ինչպես գրում է Bloomberg գործակալությունը, ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել Ջուլիանիի կողմից լոբբիստական ապօրինի գործունեություն ծավալելու վերաբերյալ։ Նա համարվում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մտերիմներից մեկն ու փաստաբանը։

Նշվում է, որ նախկին քաղաքապետը ժամանակին կարող էր նպաստել թուրքական իշխանությունների կողմից իսլամ քարոզող Ֆեթուլլահ Գյուլենի արտաքսմանը, որը ներկա պահին բնակվում է ԱՄՆ–ում։ Նրա արտահանձնմանն Անկարան ապարդյուն կերպով փորձում է հասնել արդեն մի քանի տարի։ Գյուլենին ոսկու վաճառքով զբաղվող խոշոր գործարար Ռեզա Զարաբիի հետ միասին մասնակից են համարում փողերի լվացման մեջ։

Ռուդոլֆ Ջուլիանին հերքում է հօգուտ Թուրքիայի լոբբիստական աշխատանք կատարելու փաստը։  Այնուամենայնիվ, եթե արդարադատության նախարարությունը ապացուցի այդ փաստը, կարող է Ջուլիանիից պահանջել գրանցվել որպես լոբբիստ և բացահայտել թուրքական կողմի հետ իր կապերը։

Նշենք, որ 2018 թվականի աշնանը Նյու Յորքի նախկին քաղաքապետը Երևան էր այցելել, որտեղ հանդիպումներ էր ունեցել հայաստանյան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։