Մյուս անգամ չեմ ընտրվի, իմ գլուխը ասֆալտի վրա կջնջխեք. ԱԺ–ն քննարկում է ինքնակամների հարցը

Իմքայլական պատգամավորն իր ելույթում շեշտեց, որ եթե Երևանի համայնքային իշխանության վերջին միջամտությունները չլինեին, շատ կարճ ժամանակում Երևանը կկորցնեինք. այն ամբողջությամբ կպատվեր ինքնակամ շինություններով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ինքնակամ շինությունները քանդելու հարցն այսօր բուռն քննարկման առարկա դարձավ ԱԺ արտահերթ նիստում։ Դրա համար առիթ հանդիսացավ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների առաջարկած փոփոխությունների նախագիծը։

Օրենքի նախագծի համահեղինակ Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ ներկա օրենսգիրքը թույլ է տալիս համայնքի ղեկավարին օրինականացնել համայնքի հողի վրա կառուցված ինքնակամ շինությունները։ Ըստ պատգամավորի` եթե անգամ համայնքի ղեկավարը չցանկանա օրինականացնել կառուցապատողի անօրինությունը, դա կարող է արվել դատական կարգով։

«Այս դրույթը թույլ է տալիս ապօրինի կառուցապատողին նույն օրը, երբ կառուցվում է շինությունը, դիմել դատարան։ Հայց ներկայացնելու պայմանով ավտոմատ կասեցվում է համայնքի ղեկավարի որոշումը, և թույլ չի տալիս համայնքի ղեկավարին քանդել այդ ինքնակամ կառույցը»,– ասաց Բաղդասարյանը։

Պատգամավորի մեկնաբանմամբ` անօրինական կառույցները չքանդելու մեղավորը հենց այս օրենքն է, բայց տպավորություն է ստեղծվում, թե համայնքի ղեկավարը չի ցանկանում քանդել։

Նոր Նորք վարչական շրջանում ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել. տեսանյութ

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունն այս օրինագծին բացասական եզրակացություն է տվել, քանի որ ունի մի շարք թերություններ։ Օրինակ` չունի հետադարձ ուժ, այսինքն` մինչ օրենքի ընդունումը կառուցված շինությունները համայնքի ղեկավարը կարողանալու է օրինականացնել, օրենքի ընդունումից հետո կառուցվածները` ոչ։

Ի դեպ, նախագծին բացասական եզրակացություն է տվել նաև ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը։

Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժում է Նոր Նորքում գտնվող ինքնակամ կառույցը

Օրենքի համահեղինակ Հովիկ Աղազարյանն էլ իր ելույթում շեշտեց, որ որպես իշխանության ներկայացուցիչ ինքն իրեն այդ հարցում պատասխանատու է զգում։

«Ես եղել եմ այն իրավիճակում, որ անցնում ես փողոցով ու մարդիկ հայացքով քեզ ցույց են տալիս այն կառույցը, որ արդեն մտել է փողոցի մեջտեղը։ Ասում են. «Դու ո՞վ ես, քեզանից ի՞նչ ես ներկայացնում»։ Ու ես մի անգամ էդ տղաներից մի քանիսին ասացի. «Մյուս անգամ ես չեմ ընտրվի, դուք իմ գլուխը էս ասֆալտի վրա կջնջխեք, ես գիտեմ։ Բայց դա ինձ չի հետաքրքրում, սա պիտի քանդվի»»,– ասաց Աղազարյանը` հավելելով, որ «ինքնական կառույց» գեղեցիկ արտահայտության տակ իրականում հանցագործություն է թաքցված։ Նրա խոսքով` ցանկացած կառույցի համար ցանկացած անձ պարտավոր է թույլտվություն ստանալ։

Իմքայլական պատգամավորն իր ելույթում նաև շեշտեց, որ եթե Երևանի համայնքային իշխանության վերջին միջամտությունները չլինեին, շատ կարճ ժամանակում Երևանը կկորցնեինք, այն ամբողջությամբ կպատվեր ինքնակամ շինություններով։

Աջափնյակում ևս 5 ապօրինի կառույց է ապամոնտաժվել. տեսանյութ