ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Դոլարի փոխարժեքի տատանումները Հայաստանում այնքան կտրուկ չեն, որքան Հայաստանի հետ համադրելի այլ երկրներում։ Այսօր Ազգային ժողովում 2020թ–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Հաշվի առնելով այն միջավայրը, որում մենք հայտնվել ենք 2020թ–ին` պանդեմիա և պատերազմ, կարծում եմ, որ տատանումներն այդքան զգալի չեն եղել»,– ասաց նա։
Գալստյանը հիշեցրեց, որ Հայաստանում փոխարժեքը լողացող է, ինչը պետությանը հնարավորություն է տալիս ֆինանսական շուկային միջամտությունների միջոցով վերահսկել փոխարժեքով պայմանավորված գների աճը։
«Ինչ վերաբերում է վերջին ժամանակահատվածի արժևորմանը, ապա գործոնները մի քանիսն են ու բխում են հենց պահանջարկից ու առաջարկից։ Այս պահի դրությամբ արտարժութային միջոցների առաջարկն ավելի մեծ է, քան պահանջարկը»,– ասաց ԿԲ նախագահը։
Գալստյանի խոսքով` դա պայմանավորված է նրանով, որ գործընկեր երկրներում տնտեսական աճը բավական բարձր է, ինչով պայմանավորված մեծ ծավալի տրանսֆերտներ են գալիս Հայաստան։ Բացի այդ, Հայաստանում ներկա պահին ակտիվացել է զբոսաշրջությունը։ Եվ երրորդ գործոնը` պղնձի գինն այս պահին հասել է իր պատմական մաքսիմումին։
Հիշեցնենք` հունիսի 15 –ին ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.5%:
Նշենք, որ ԿԲ–ի տվյալներով` 1 դոլարի փոխարժեքն այսօր ՀՀ ֆինանսական շուկայում 495.86 դրամ է։ Մայիսին այն կազմում էր շուրջ 520.69 դրամ, ապրիլին` 532.14, ինչն այս տարվա համար առավելագույն արժեքն է եղել։
Դոլարի փոխարժեքի կտրուկ ավելացումը սկսվել էր դեռ 2020թ–ի սեպտեմբերից։ Այդ ամսին գրանցված 485.33 դրամ փոխարժեքը դեկտեմբերին հասել էր արդեն 506.98 դրամի։