100 տոկոսանոց պրոֆեսիոնալ բանակի անցնելու համար Հայաստանը ո՛չ մարդկային, ո՛չ էլ ֆինանսական ռեսուրս չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը` մեկնաբանելով բանակային բարեփոխումների մասին ժամանակ առ ժամանակ ակտիվացող խոսակցությունները։
ԶՈւ-ում իրականացվող փոփոխությունների համատեքստում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս խոսեց Հայաստանում զինծառայության ժամկետների կրճատման մասին, ինչը կասկածի տակ է դնում սեփական զինված ուժերն ուժեղացնելու թեզը։
Հարությունովի խոսքով` եթե այսօրվա իշխանությունները որոշեն պարտադիր զինծառայության ժամկետը կրճատել, դա կարող է բացասական հետևանքներ ունենալ, քանի որ ժամանակակից զինտեխնիկան ավելի բարդ է, և դրան տիրապետելու համար ավելի երկար ժամանակ է պետք։
«Այդ բարեփոխված չափանիշների մասին խոսակցությունները հակասական են։ Մի կողմից խոսում են պրոֆեսիոնալ բանակի մասին, որի տակ հասկանում ենք պայմանագրային ԶՈւ-ն, մյուս կողմից ասվում է, որ ծառայության ժամկետը պետք է կրճատվի»,- ասաց նա։
Նրա կարծիքով` հնարավոր է` իշխանությունները քննարկում են և՛ պայմանագրային, և՛ զորակոչային կոմպոնենտը համադրելու տարբերակը, բայց հստակ տեղեկություն չկա, որի հիման վրա կարելի է վերլուծություն անել։
«Ինձ մոտ ավելի շատ հարցեր կան այդ չափանիշների հետ կապված, քան պատասխաններ։ Հուսանք, որ իշխանությունները մոտ ժամանակահատվածում ավելի հստակ տեղեկություն կտրամադրեն»,- ընդգծեց Հարությունովը։
Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական ռազմական ներկայության, ռուս սահմանապահների թվի ընդլայնմանը, դա, ըստ ռազմական մեկնաբանի, արցախյան պատերազմի հետևանք է և պայմանավորված է ՀՀ ԶՈւ թուլացմամբ։
«Պատերազմից հետո Հայաստանն անվտանգային առումով Ռուսաստանի պրոտեկտորատ է, տարածք, որն ինքնուրույն չի կարող իր անվտանգությունն ապահովել»,- հավելեց նա։
Նշենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել էր, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը Հայաստանում կարող է կրճատվել և 2 տարվա փոխարեն դառնալ 1.5 տարի։
Ոչ թե վենդետա է լինելու, այլ կադրային ջարդ. ԱԽ քարտուղարը պնդում է՝ այդ մանդատը ստացել են