Հոգեբուժարաններում ոչ հոժարակամ բուժման հարցերը խրոնիկ են դարձել. ՄԻՊ–ը մտահոգված է

Արման Թաթոյանի խոսքով` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի անհրաժեշտությունը չպետք է հիմք հանդիսանա ոչ հոժարակամ բուժում սկսելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ մտահոգիչ է համարում հոգեբուժարաններում մարդկանց ոչ հոժարակամ բուժման հարցերը, որոնք, նրա խոսքով, խրոնիկ են դարձել:

«Հոգեբուժական բուժման համաձայնությունը ձևական է, և հոգեբուժական կազմակերպությունում մարդիկ զրկվում են ազատությունից իրավունքների կոպիտ խախտումներով: Դատարանների որոշումները ձևական ու մակերեսային են` առանց բավարար հիմքերի, տիպային (շաբլոնային) ձևակերպումներով են ու որևէ երաշխիք չեն մարդու համար»,–Facebook–ի իր էջում գրել է Թաթոյանը:

Նրա խոսքով` անցյալ տարի Արմաշի առողջության կենտրոն կատարած այցի արդյունքում պարզվել է, որ տնօրինությունը 19 անձի համար՝ երկու խմբով, միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ոչ հոժարակամ բուժում սկսելու նպատակով, որոնցից 7-ի վերաբերյալ դատարանի վճիռներ այցի պահին դեռևս առկա չեն եղել։

Վարդենիսի հոգեբուժարանի աշխատակիցը 16 տարի շարունակ շահագործել է հիվանդներից մեկին

««Բժշկական հանձնաժողովային եզրակացության» մեջ թեև նշվում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձը «…վտանգ է ներկայացնում արտահիվանդանոցային պայմաններում…», կամ «իր հոգեվիճակով խիստ վտանգ է ներկայացնում իր և շրջապատի համար», այնուամենայնիվ պատմագրերում վերոգրյալը հաստատող արձանագրություններ առկա չեն եղել»,–գրել է Թաթոյանը:

Նրա խոսքով`ո՛չ միջնորդություններում, ո՛չ էլ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հիվանդության պատմագրերում, որպես կանոն, առկա չի եղել հիվանդի՝ ստացիոնարից և բուժումից հրաժարվելու մասին գրառում:

Հոգեբուժարանի տնօրենը խոշոր հափշտակություններ և կեղծ գրանցումներ է կատարել. ԱԱԾ

Ըստ Թաթոյանի` հատկապես մտահոգիչ է այն, որ տարիներ ի վեր «հոժարակամ» բուժվող մի խումբ պացիենտներ անհասկանալի հանգամանքներում և միևնույն ժամանակահատվածում դարձել են «խիստ վտանգավոր իրենց և շրջապատի համար», ինչը սակայն որևէ կերպ չի հիմնավորվում վերջիններիս հիվանդության պատմագրերում բուժող բժիշկների կատարած գրառումներով:

«Խիստ մտահոգիչ է, որ նման տիպային միջնորդությունները տարակուսանքի տեղիք չեն տվել նաև ոչ հոժարակամ բուժում սկսելու վերաբերյալ դատական ակտեր կայացրած դատավորների մոտ: Ընդհակառակը, դատական ակտի հիմքում, որպես կանոն, դրվել են հոգեբուժական կազմակերպության միջնորդություններում ներկայացված տիպային ձևակերպումները՝ առանց դրանք հիմնավորող բավարար փաստարկների»,–գրել է նա:

Այդ դատական ակտերը հիմնականում տարբերվել են պացիենտների անուն-ազգանուններով և հիվանդության ախտորոշումներով, ինչը վկայում է այն մասին, որ ոչ հոժարակամ բուժում սկսելու վերաբերյալ դատական ակտերը ևս տիպային բնույթ են կրում:

Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի անհրաժեշտությունը և դրա ապահովման համար համապատասխան սոցիալական ծառայությունների պակասը կամ բացակայությունը չի կարող և չպետք է հիմք հանդիսանա ոչ հոժարակամ բուժում սկսելու համար:

Կենտրոնը գերբեռնված է. ՄԻՊ–ի աշխատակիցներն  անակնկալ այցելել են Նուբարաշենի հոգեբուժարան