ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ԱՄՆ վարչակազմը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում գործունեությանը՝ բանակցային ձևաչափի վերականգնման ու հիմնախնդրի համապարփակ կարգավորման նպատակով: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Փաշինյանն էլ կարևորել է ՄԽ համանախագահության գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման գործում: Փաշինյանն ասել է, որ Հայաստանը ՄԽ համանախագահությունը դիտարկում է ոչ միայն որպես միջնորդ ԼՂ բանակցային գործընթացում, այլև տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործոն:
Փաշինյանի խոսքով՝ ներկայում ունենք մի իրադրություն, երբ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ գործունեությունը, և այդ իրադրությունը կառավարելու գործում կարևորվում է ոչ միայն համանախագահների, այլև ԱՄՆ–ի դերակատարությունը:
Փաշինյանն ու Թրեյսին անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների՝ ելման դիրքեր դուրս գալով և հիշեցրել, որ հարցի լուծման նպատակով ավելի վաղ հանդես է եկել նաև համապատասխան առաջարկով:
Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ–ի դերն Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձի հարցում և հավելել, որ Հայաստանը պատրաստ է մարդասիրական քայլին պատասխանել համապատասխան քայլով:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգոնության կոչ է արել
Բացի այդ, Փաշինյանը կարևորել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի արձագանքը ընտրությունների ու հետագայում հայ-ամերիկյան համագործակցության ուղղությունների վերաբերյալ:
Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերիների։
Այդպիսով, Հայաստան վերադարձած գերիների թիվը դարձավ 88։ Դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։
ԱՄՆ–ն փորձում է ակտիվանալ արցախյան բանակցային գործընթացում․ Սաֆրաստյան