Գինեգործության հնագույն երկիր. Forbes–ը հոդված է տպագրել Հայաստանի խաղողագործության մասին

900 000 տպաքանակը գերազանցող ամերիկյան հայտնի ամսագիրն առաջին անգամը չէ, որ իր ընթերցողներին ծանոթացնում է հայկական գինիների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հեղինակավոր Forbes ամսագիրը պատմել է Հայաստանյան գինեգործության ավանդույթների, ինչպես նաև այն ռիսկերի և դժվարությունների մասին, որոնց բախվում են հայ գինեգործները։  

Իր հոդվածը Քաթերին Թոդը վերնագրել է. «Գինեգործության հնագույն երկրներից մեկը, որը խաղող է աճեցնում հակամարտության գոտում։ Հայաստանի վերածնունդը»։

Նա պատմում է այն գինեգործների մասին, որոնց բերքն աճում է Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտում։

Հայկական կոնյակի դեմ մեծ աշխատանք է տարվում, իսկ գինին կարող է համաշխարհային բրենդ դառնալ

 «Գինեգործական որոշ շրջաններում խաղողագործները երբեմն ստիպված են շշերով լցված արկղերով թաքնվել թշնամու գնդակից... Հայ գինեգործներն այնքան բան են վերապրել. խորհրդային տարիներին նրանք ստիպված են եղել փրկվել բռնաճնշումներից, միության փլուզումից հետո անորոշության մեջ են հայտնվել, իսկ հիմա` հակամարտության գոտում են, որտեղ յուրաքանչյուր բերքահավաք կարող է կենաց-մահու իրավիճակ ստեղծել», – ասվում է հոդվածում։

Խոսքն այստեղ մասնավորապես Բերդավան սահմանամերձ գյուղի մասին է, որը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում։

«Հետաքրքիրն այն է, որ մարդիկ ամեն կերպ շարունակում են մշակել իրենց բերքը և առանձնակի թրթիռով են վերաբերվում գինու արտադրությանը, հատկապես, որ բարձրորակ հայկական գինիների պահանջարկն աճում է», – գրում է Թոդը։

Հոդվածի հեղինակը նաև հիշեցնում է, որ հենց Հայաստանում է հայտնաբերվել այսօրվա դրությամբ աշխարհի ամենահին գինեգործական համալիրը։

ՀՀ-ն կարող էր պահպանել «կոնյակ» անվանումը, բայց առանց դրա էլ կարող է շուկաներ չկորցնել

«2010 թվականին Արենի գյուղում` գինիներով հայտնի Վայոց Ձորի մարզում, հնագետները հնագույն գինեգործական հնձան, խմորման ու հնեցման անոթներ, ըմպանակներ, խաղողի չորացած վազեր, կեղև և սերմեր են հայտնաբերել։ Գտածոն 6000 տարեկան է։ Դրանք հայտնաբերվել են Արենի 1 կոչվող քարանձավում», – գրում է նա։

Քաթերին Թոդը նաև պատմում է, որ Հայաստանում խաղողի ավելի քան 400 տեղական տեսակներ կան։

ԵՄ–ն պատրաստ է 3 մլն եվրո տրամադրել Հայաստանին «կոնյակ» անվանումից հրաժարվելու դիմաց

Ավելի քան 900 000 տպաքանակով լույս տեսնող ամերիկյան հայտնի ամսագիրն արդեն անդրադարձել էր  հայկական գինիներին։ Մի քանի տարի առաջ Forbes–ում հոդված էր տպագրվել հայկական գինիների բավական մեծ հեռանկարի մասին։