ՌԱԴԻՈ

Այս ընտրական օրենսգրքի համատեքստում շատ դժվար կլինի պայքարել մեծամասնության դեմ. քաղաքագետ

Քաղաքագետ Նորայր Դունամալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչպիսի հետընտրական զարգացումներ կլինեն Հայաստանում, հնարավո՞ր են նոր արտահերթ ընտրություններ մոտ ապագայում։  
Sputnik
Այս ընտրական օրենսգրքի համատեքստում շատ դժվար կլինի պայքարել մեծամասնության դեմ. քաղաքագետ

Նորայր Դունամալյանի դիտարկմամբ` գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը կգնա խորհրդարան, և ինչպե՞ս ընդդիմությունը կկառուցի իր աշխատանքը, քանի որ մինչ այդ «Հայաստան» դաշինքի գործունեության ընդհանուր տրամաբանությունը կապված էր իշխանությունը վերցնելու հետ, իսկ հիմա պետք է այլ նպատակներ դրվեն ծայրահեղ ընդդիմադիր կեցվածք դրսևորելու տեսանկյունից։  

«Այս ընտրական օրենսգրքի համատեքստում շատ դժվար կլինի պայքարել մեծամասնության դեմ։ Իսկ նոր արտահերթ ընտրությունների հավանականությունը կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպիսի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական գործընթացներ կլինեն ապագայում։ Դրանք արդեն իսկ լինելու են անկայուն, ուստի պետք է հասկանալ, թե ինչպես կկառուցվեն ընդդիմություն–իշխանություն հարաբերությունները»,– նշեց քաղաքագետը։

Ռոբերտ Քոչարյանը մեկուկես տարուց նոր խորհրդարանական ընտրություններ է կանխատեսում

Դունամալյանի կարծիքով` Հայաստանում էմոցիոնալ ընդհանուր ֆոնը բերեց նրան, որ մարդիկ ավելի շուտ արեցին իռացիոնալ ընտրություն, հետևաբար պետք է հասկանանք, թե ինչ պայմաններով ենք գնալու ապագա ընտրություններին, եթե դրանք իսկապես լինեն արտահերթ։ Ըստ նրա`մի կողմից դժվար է տեսնել Ռոբերտ Քոչարյանին ընդդիմադիր գործչի դերում, բայց մյուս կողմից էլ նրա գլխավորած դաշինքը հաջողություն ակնկալելու համար պետք է ավելի հստակ գործի քաղաքական ուժերին համախմբելու առումով։ 

«Եթե Քոչարյանը խորհրդարան չգնա, դա կնպաստի դաշինքում ընդգրկված ուժերի պառակտմանը, քանի որ կան որոշակի հակասություններ, ինչը բնորոշ է գրեթե բոլոր դաշինքներին, հետևաբար միասնությունը պահպանելու համար շատ կարևոր է միասնական թեկնածուի արդյունավետ աշխատանքը։ Բոլորը խոսում են նոր արտահերթ ընտրությունների մասին, սակայն կարող է լինել այնպիսի իրավիճակ, երբ անհրաժեշտ կլինի նոր վարչապետի թեկնածու ընտրել»,– ասաց քաղաքագետը։

Դունամալյանը կարևորեց նաև անձեռնմխելիության գործոնը կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի համար, որպեսզի նա հինգ տարի կարողանա նորմալ իրականացնել քաղաքական գործունեությունը, իսկ դրա համար նա պետք է վերցնի իրեն հասանելիք մանդատը։ 

Հայերի տունը կռիվ էր ընկել․ «բողոքականներն» ու «մերժվածները»՝ նույն խորհրդարանում

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին Հայաստանում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.91%) ու «Հայաստան» դաշինքը (21.09%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան է անցել իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։