Ապրուստի միջոցներ` անապահով խմբերին. ՌԴ ֆինանսավորմամբ ՄԱԶԾ-ն ծրագիր կիրականացնի ՀՀ–ում

3.2 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից և իրականացվում ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի միջոցով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik.Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի առավել խոցելի համայնքներին և խմբերին՝ ներառյալ տեղահանվածներին, աջակցություն տրամադրելու վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում են ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակից։

Լավրովը ՄԱԿ-ի հանձնակատարի հետ քննարկել է փախստականներին Ղարաբաղ վերադարձնելու հարցը

 Ծրագիրը, մասնավորապես, կթիրախավորի Հայաստանի սահմանամերձ՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերը: 3.2 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից և իրականացվում ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի միջոցով:

Այն նպատակ ունի Հայաստանի մարզերում ստեղծել կայուն ապրուստի միջոցներ անապահով խմբերի համար՝ ներառյալ տեղահանվածները և վետերանները:

«Այսօր մեկնարկած ծրագրի հիմնական նպատակներից մեկն է նպաստել հայ հասարակության հետկոնֆլիկտային սթրեսը հաղթահարելուն, վերականգնել վստահությունն ու առաջ շարժվելու ուժը. դրան մենք, որպես հիմնական ռազմավարական դաշնակից, մեծ նշանակություն ենք տալիս: Այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ է Ռուսաստանի հետևողական և համակարգված աջակցությանը Հայաստանի համապարփակ ,սոցիալ-տնտեսական զարգացմանը, որն իրականացվում է երկկողմ և միջազգային մեխանիզմներով», - ասել է Սերգեյ Կոպիրկինը:

ՄԱԿ–ի քաղաքակրթությունների դաշինքի անդամը այցելել է Բաքվի տիրապետության տակ անցած շրջաններ

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը՝ ՌԴ ֆինանսական աջակցությամբ, ոչ միայն հոգալու է Հայաստանի խոցելի համայնքների և խմբերի անմիջական կարիքները՝ այդ թվում կենսապահովման, բնակարանային, աշխատատեղերի, էներգիայի և այլ հարցեր, այլ նաև կայուն լուծումներ է առաջարկելու, որոնք ավելին են, քան մարդասիրական օգնությունը։

Նշվում է, որ ընթացիկ երկամյա ծրագիրը կիրականացվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ:

Հավելենք, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը գործընկերային կապեր է հաստատում հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների հետ` զորակցելով պետություններին դիմակայելու ճգնաժամերին:

ՄԱԶԾ-ն Հայաստանում հաստատվել է 1993թ. մարտին և աջակցում է կառավարությանն իրականացնելու ազգային զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև հասնելու կայուն զարգացման նպատակներին: