80 000 պատվաստումները ցույց տվեցին վախի մթնոլորտի սնանկությունը. Փաշինյան

Առայսօր կատարված 80 000 պատվաստումից մահվան ելքեր չեն եղել, բայց կորոնավիրուսով վարակված 80 000 անձանցից 1600–ը մահացել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. 80 000 պատվաստումները ցույց տվեցին ի սկզբանե տարածվող վախի մթնոլորտի սնանկությունը, որովհետև պատվաստման որևէ բարդացման դեպք չունեցանք։ Այսօր կորոնավիրուսի համավարակային իրավիճակի առնչությամբ կայացած խորհրդակցության ժամանակ այս մասին ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ-ում վերջին ամիսներին համավարակի հետ կապված իրավիճակը կառավարելի է: Մենք ունենք օրական դեպքերի բավական ցածր ցուցանիշ, բայց ցածր ցուցանիշ՝ մեր ունեցած և ընդհանրապես նախկին բարձր ցուցանիշների ֆոնին, որովհետև եթե այլ տրամաբանությամբ նայենք` օրական 70, 60, 100, 120 դեպքն արդեն բավական մեծ թվեր են: Հիմա խնդիր ունենք, որպեսզի պատվաստումները պատշաճ ծավալներով իրականացվեն»,–ասել է Փաշինյանը։

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ կորոնավիրուսային ընթացիկ վիճակը կառավարելի է, ըստ ԵՄ չափանիշների՝ Հայաստանը գտնվում է «կանաչ» գոտում։ Սակայն վերջին 14 օրվա համեմատականը ցույց է տալիս, որ Covid-19–ի դեպքերի աճ կա, և կանխարգելիչ միջոցառումները միտված են իրավիճակի կառավարելիությունը պահպանելուն:

Պուտինն ասել է, թե որ դեղամիջոցով է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Անդրադառնալով պատվաստումային գործընթացին՝ նա զեկուցել է, որ այսօրվա դրությամբ Covid-19-ի դեմ իրականացված պատվաստումների հետևանքով մահվան ելքով որևէ դեպք չի գրանցվել:Ավանեսյանի խոսքով` առաջիկայում նախատեսվում են նոր խմբաքանակով պատվաստանյութերի ներկրում:

Ընդ որում, խոսքը ոչ միայն մեր երկրում արդեն իսկ առկա պատվաստանյութերի, այլև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված մյուս տեսակի պատվաստանյութերի ձեռքբերման մասին է:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, համեմատական անցկացնելով կորոնավիրուսով վարակվածության և պատվաստման ելքերի վիճակագրության միջև, նկատել է, որ առայսօր կատարված 80 000 պատվաստումից մենք չունենք վատ դեպքեր, բայց 80 000 կորոնավիրուսով վարակված անձանցից 1600 հոգին մահացել են:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 128–ով և դարձել 225 095:

Քանի՞ մարդ է ՀՀ–ում պատվաստվել կորոնավիրուսի դեմ