ՌԱԴԻՈ

Խաթարված տնտեսությունն ու դրամի արժևորման ռիսկերը. ի՞նչ լուծում է առաջարկում Պարսյանը

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերջին օրերին դրամի արժևորմանը, դրան նպաստող գործոններին և հնարավոր ռիսկերին։
Sputnik
Խաթարված տնտեսությունն ու դրամի արժևորման ռիսկերը. ի՞նչ լուծում է առաջարկում Պարսյանը

Դրամի արժևորումն ու դոլարի փոխարժեքի նվազումը կարճաժամկետ բնույթ է կրում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Այս պահին մեր տնտեսության մեջ չկան արմատական, կառուցվածքային փոփոխություններ, և այն գործոնները, որոնք ազդել են դոլար-դրամ փոխարժեքի վրա, կարճաժամկետ են, ու որոշակի սպեկուլյատիվ էֆեկտ կա այստեղ»,- ասաց նա։

Փոխարժեքի տատանման վրա ազդեցություն է ունեցել արտահանման ծավալների մոտ 20 տոկոսանոց աճը, որին նպաստել են հիմնականում հանքահումքային արտադրանքի ծավալները, համաշխարհային շուկայում պղնձի գների բարձրացումը, զբոսաշրջային հոսքերը, գյուղատնտեսական մթերքների արտահանումը։

Քաղաքական ուժերի նախընտրական խոստումները, կամ ինչպես վերականգնել տնտեսությունը

«Դրան գումարվել է նաև այն, որ այս տարվա 4 ամիսների հաշվարկով գործող կառավարությունը 804 միլիոն դոլարի պարտք է ավելացրել, պետական պարտատոմսերով դոլար է բերել Հայաստան և հիմա էլ դոլարը ներարկում է տնտեսության մեջ, բնականաբար սա էլ է ազդում փոխարժեքի վրա»,- նշեց Պարսյանը։

Նրա խոսքով` վերջին ամիսների ընթացքում ԿԲ-ն փորձում էր դոլարի նկատմամբ պահանջարկը նվազեցնել, շարունակաբար դոլար էր «ներարկում» տնտեսության մեջ` վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց, բանկերի դեպքում նաև դոլարային պարտատոմսերի թողարկման համար լրացուցիչ պահանջներ դրեց, ինչի արդյունքում էլ արտարժույթի շուկայում կտրուկ անկում գրանցվեց։

«ԿԲ-ն հետաքրքրված է, որ դրամն արժևորվի, քանի որ արժեզրկման արդյունքում գնաճը կտրուկ բարձրանում է, և այս տարվա 5 ամիսների հաշվարկով մենք ունենք 5.5 տոկոս գնաճ, որը փաստում է, որ ԿԲ-ն ձախողել է իր դրամավարկային քաղաքականությունը։ Նրանք ամեն ինչ անում են, որ դրամի արժեքն իջեցնեն, և իրենց նախանշած 5.5 տոկոսը կարողանան ապահովել»,- պարզաբանեց տնտեսագետը։

Փոխարժեքի կտրուկ տատանումների հետևանքով, սակայն, բիզնեսը մեծ կորուստներ է կրում, իսկ մրցակցության բացակայության պարագայում ապրանքների գները չեն նվազում։

Հայաստանում ստվերային տնտեսությունը 2018-ից հետո կրճատվել է 40% -ով. Փաշինյան

«Արժևորված դրամի պայմաններում արտահանողները, որոնք պայմանագիր են կնքել 520-530 դրամով, մեծ կորուստներ են կրում։ 1 դոլարը, որ բերելու են Հայաստան, 490 դրամով են մանրելու և վճարելու աշխատավարձերը, ոչ թե 530-ով, 40 դրամ կորուստ են ունենալու։ Բնականաբար, այս ամենը բիզնեսի համար ռիսկեր է ստեղծում»,- ընդգծեց Պարսյանը։

Նրա կարծիքով` խաթարված տնտեսությունը փրկելու համար անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, նոր տնտեսական մոդել, նոր տնտեսական քաղաքականություն և ամենակարևորը` նոր տնտեսական թիմ։