Ոչ թե վենդետա է լինելու, այլ կադրային ջարդ. ԱԽ քարտուղարը պնդում է՝ այդ մանդատը ստացել են

ԱԽ քարտուղարի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր չեն աջակցում բարեփոխումներին, պետք է դիմում գրեն ու գնան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ իրենք ոչ թե վենդետա են խոստացել, այլ կադրային ջարդ, և այդ ջարդը լինելու է։ Գրիգորյանն այդ հայտարարությունն արեց՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք պետական կառավարման, նաև համայնքային համակարգում վենդետաներ լինելու են նրանց նկատմամբ, ովքեր քաղաքական այլ ուժի են սատարում։

Գրիգորյանի խոսքով՝ պետական համակարգը պետք է կուռ լինի, և միանշանակ ծառայի հաղթած ուժին։ ԱԽ քարտուղարը չհասցրեց ավարտել իր խոսքը, երբ հաղորդավարը հիշեցրեց, որ քաղծառայողները պաշտպանված են օրենքով։

«Քաղծառայողները պաշտպանված են, բայց կա մի խնդիր` հեղափոխությունից հետո կառավարման համակարգում գտնվողների մի մասը, դուք էլ եք տեսել, թե ինչպես են տորպեդահարում կառավարման համակարգը։ Այդ մարդկանց մի մասը չի ցանկացել օգտվել տրված հնարավորությունից, և կադրային փոփոխություններն անհրաժեշտ են, որ կառավարման համակարգը կուռ աշխատի։ Մենք կադրային ջարդի մանդատ ստացել ենք։ Կադրային ջարդ անելու ենք և բարեփոխելու ենք համակարգը։ Մեր բարեփոխումների մի մասը մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, բայց նաև այդ պատճառով է կաղել»,- հայտարարեց Գրիգորյանը։

Հաղորդավարը հարցրեց, թե ինչ է նշանակում կադրային ջարդ, երբ մարդն իր տեղում է, աշխատում է, ինչ կապ ունի, թե որ ուժին է աջակցում։

«Հայաստան» դաշինքը սպասում է հարմար առիթի. իշխանությունը ստիպված ցավալի զիջումների կգնա

«Այսինքն՝ ով որ ձեր կուսակցությանը չի համակրում, Քոչարյանին է համակրում, գործից հանելու՞ եք»,- ճշտեց նա։

Գրիգորյանն էլ պատասխանեց, թե ոչ, դա նշանակում է՝ կադրային ջարդ է լինելու նրանց նկատմամբ, ովքեր չեն աջակցում բարեփոխումներին՝ անկախ, թե նրանից, թե ում են ընտրել։

«Ովքեր չեն աջակցում, ես կարծում եմ՝ նույնիսկ սկզբունքային է, որ էդ մարդիկ դիմում գրեն և գնան։ Քաղաքացիների մեծամասնությունը մանդատ է տվել, որպեսզի բարեփոխումներ կատարվեն, և մենք կատարելու ենք»,- նշեց ԱԽ քարտուղարը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 8-ին Թալինում տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել էր` կադրային ջարդեր լինելու են, և ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, որոնք 2018 թվականի հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով՝ ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում։

Մատի ու մատանու արանքում. ինչո՞ւ են ՔՊ-ում դժգոհ Հայկ Մարությանից