ԱԱԾ–ն նոր պետ կունենա. մամուլն անուններ է հրապարակել ՔՊ–ում պաշտոնների բաշխման գործընթացից

ՔՊ-ականներն իրենց հավակնությունները ներկայացնում են «Իմ քայլը» խմբակցության ներկայիս ղեկավար Լիլիթ Մակունցին, վերջինս էլ այդ մասին տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում պաշտոնների բաժանման գործընթացն արդեն մեկնարկել է։ Մամուլում այսօր արդեն տեղեկություններ կան, թե ով ինչ պաշտոնի է հավակնում ու ինչ քննարկումներ կան այդ հարցով իշխող քաղաքական ուժի կուլիսներում։

«Հայաստան» դաշինքը սպասում է հարմար առիթի. իշխանությունը ստիպված ցավալի զիջումների կգնա

«Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրների վրա հղում անելով հայտնում է, որ ՔՊ-ականներն իրենց հավակնությունները ներկայացնում են «Իմ քայլը» խմբակցության ներկայիս ղեկավար Լիլիթ Մակունցին, վերջինս էլ այդ մասին տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանին:

Ըստ արդեն հաստատված լուրերի` Մակունցն առաջիկայում նշանակվելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, խմբակցության ղեկավարի պաշտոնի համար հավակնություններ են հայտնել Հայկ Կոնջորյանն ու Արփի Դավոյանը, չնայած վերջինիս թեկնածությանը խմբակցությունում այնքան էլ կողմ չեն: Դավոյանին դիտարկել են անգամ որպես ԱԺ կին փոխնախագահի թեկնածու:

Մյուս թեժ պայքարը ԱԺ նախագահի պաշտոնի համար է, հավակնորդներն էլ՝ Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը և Սուրեն Պապիկյանն են։

Ըստ թերթի` կուսակցությունում ավելի հակված են այն մտքին, որ կրկին Արարատ Միրզոյանը կլինի խորհրդարանի խոսնակը:

ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները հրաժարական են ներկայացրել

ԱԺ փոխնախագահ կարող է դառնալ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է ղեկավարել Վլադիմիր Վարդանյանը:

«Իրավունք» թերթն էլ իր տեղեկություններով գրում է, որ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին Նիկոլ Փաշինյանը ժամեր անց պատրաստվում է նշանակել ԱԱԾ պետ:

Ըստ նույն աղբյուրի` Նիկոլ Փաշինյանը նաև ունի ոստիկանապետի իր նախընտրելի թեկնածուն, որի անունը թերթը չի հրապարակում։

Հիշեցնենք`  «Ժողովուրդ» օրաթերթն էլ այսօր գրել էր, թե իշխանությունների ներսում այս պահին ՀՀ արտաքին գործերի նախարարի թեկնածուի փնտրտուքներ են, և այս պահին իշխանական փնտրտուքները կանգ են առել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա։

«Թեկնածուն» ինքը օրաթերթի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը։