ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Ամռան շոգին սուրճ օգտագործելիս առողջությանը չվնասելու համար հարկավոր է որոշակի նախազգուշական քայլեր ձեռնարկել։ Այս մասին Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում պատմել է բժշկական գիտությունների թեկնածու, սրտաբան, սննդաբան Ասիյատ Խաչիրովան։
Բժշկի խոսքով՝ առաջին հերթին պետք է հիշել, որ սուրճը միզամուղ հատկություն ունի, նպաստում է օրգանիզմից հեղուկի դուրսբերմանը, մինչդեռ շոգ եղանակին շատ կարևոր է ջրային բալանսը պահպանելը։
«Սուրճը ջրազրկման է հանգեցնում, ուստի ցանկալի է յուրաքանչյուր բաժակ սուրճից հետո մեկ բաժակ ջուր օգտագործել»,-նշել է Խաչիրովան։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե օրական քանի բաժակ սուրճ արժե խմել, բժիշկը խորհուրդ է տալիս հետևել սեփական զգացողություններին։ Սրտաբանի խոսքով՝ եթե հերթական բաժակ սուրճից հետո տագնապի, անհանգստության զգացողություն, հաճախակիացած սրտխփոց է ի հայտ գալիս, նշանակում է նորման գերազանցել եք, բայց ավելի լավ է չհասնել այդպիսի վիճակի։
Բացի այդ, հարկ է մեծ զգուշությամբ վերաբերվել սուրճն այլ ըմպելիքների հետ խառնելուն։ Օրինակ, սուրճի համադրությունը էներգետիկ ըմպելիքների հետ լրացուցիչ ծանրաբեռնում է սիրտը։
«Սուրճը և էներգետիկը լրացուցիչ ծանրաբեռնում են սիրտը, իսկ շոգին մեր սիրտն առանց այդ էլ մի փոքր լարված ռեժիմով է աշխատում, դա կարող է օրգանիզմի համար անցանկալի հետևանքներ առաջացնել»,-նշել է սրտաբանը։
Սննդաբաններն ասել են՝ ինչով կարելի է փոխարինել առավոտյան սուրճը
Նա նաև ընդգծել է սուրճ-նարնջի հյութ համադրության բարձր կալորիականությունը։ Բժշկի խոսքով, սուրճի և հյութի համադրությունը վնասակար չէ, բայց պետք է հիշել, որ թարմ քամած նարնջի հյութը արագ ածխաջրեր է պարունակում։
«Այսինքն, մենք փաստացի սուրճին ֆրուկտոզա ենք ավելացնում` շաքար, դա ավելացնում է կալորիականությունը, բայց հագեցվածության զգացողություն չի տալիս»,-պարզաբանել է բժիշկը։
Ավելի վաղ սննդաբանները պատմել էին, թե ինչով կարելի է փոխարինել առավոտյան սուրճը։ Մասնավորապես, մասնագետները խորհուրդ են տալիս տարբեր տեսակի թեյեր օգտագործել։ Բժիշկների կարծիքով` թեև սուրճը շատ օգտակար հատկություններ ունի, այնուամենայնիվ կարող է նյարդային գրգռում առաջացնել։ Բացի այդ, այն կարող է բացասաբար անդրադառնալ մարսողական համակարգի աշխատանքի վրա։