ՀՔԾ–ն Չարչյանի դեմ քրեական գործը հարուցել է մամուլի խոսնակի զեկուցագրի հիման վրա. փաստաբան

Արամ Վարդևանյանն արձանագեց, որ քրեական գործ հարուցելու որոշման մեջ ՀՔԾ–ն նշել է «Բաղրամյան 26» և «մամուլի խոսնակի զեկուցագիր»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՔԾ խոսնակի ներկայացրած զեկուցագրի հիման վրա։

Արմեն Չարչյանին վիրահատել են

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Չարչյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Պրոֆեսոր Չարչյանի գործը հարուցվել է մամուլի խոսնակի զեկուցագրի հիման վրա։ Մի հատ էլ դրան ավելացում` օգտագործվել է անանուն աղբյուր` «Բաղրամյան 26»-ում (Տելեգրամյան ալիք– խմբ.) հրպարակված, որը հետագայում պարզվեց` մոնտաժված ձայնագրություն է»,– ասաց Վարդևանյանը։

Լրագրողների դիտարկմանը, թե նախապես հայտարարվել էր, որ տեսագրությունն իրավապահներին է ներկայացրել Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Անկախ դիտորդ» ՀԿ–ն, Վարդևանյանը պատասխանեց. ««Անկախ դիտորդը» չի ուղարկել, «Բաղրամյան 26»-ում հրապարակվել է, ՀՔԾ–ի մամուլի խոսնակը զեկուցագիր է կազմել ու դրա հիման վրա քրեական գործ է հարուցվել»։

Փաստաբանն արձանագեց, որ քրեական գործ հարուցելու որոշման մեջ ՀՔԾ–ն նշել է «Բաղրամյան 26» և «մամուլի խոսնակի զեկուցագիր»։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։