ԵԽ գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Բուրիչը նշել է` հիմա, երբ ընտրարշավն ավարտված է, ժամանակն է կենտրոնանալու քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության հետ կառուցողական երկխոսության վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Քվեարկության արդյունքները Փաշինյանի համար «պյուռոսյան հաղթանակ» են դարձել․ Աբաս Ջումա

«Շնորհավորում եմ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ողջունում եմ այն փաստը, որ միջազգային դիտորդները, այդ թվում՝ մեր խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, այդ ընտրությունները գնահատեցին որպես մրցակցային և ընդհանուր առմամբ լավ կազմակերպված։ Կարևոր է, որ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը Ձեր ղեկավարությամբ իրականացվող բարեփոխումների քաղաքականությանը»,– գրել է Բուրիչը:

Նրա խոսքով` հիմա, երբ ընտրարշավն ավարտված է, ժամանակն է կենտրոնանալու քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության հետ կառուցողական երկխոսության վրա:

«Այդ առումով հավաստում եմ բարեփոխումների գործընթացում Հայաստանին շարունակական աջակցություն ցուցաբերելու Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ հիմնվելով մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության չափորոշիչների վրա»,– եզրափակել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

Հիշեցնենք`Հայաստանում հունիսի 20-ին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեցին 25 քաղաքական ուժ` 21 կուսակցություն և 4 դաշինք։ Ձայների վերջնահաշվարկի արդյունքում խորհրդարան անցան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։