ԵՊՀ-ում հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդ է ստեղծվում. բուհը 6 ամիս ժամանակ ունի

Գործող օրենքով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում ներգրավվելու գործընթացը բոյկոտել է ինչպես բուհի ուսխորհուրդը, այնպես էլ պրոֆեսորադասախոսական կազմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Երևանի պետական համալսարանն այս պահին հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի ստեղծման փուլում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարվել է պաշտոնից

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումով ՍԴ-ն հունիսի 22-ի որոշմամբ կասեցրել է 3 բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող` կառավարության որոշման գործողությունը։

Նշենք, որ կառավարության որոշմամբ երեք բուհերի՝ ԵՊՀ-ի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդների անդամների թիվը պետք է լինի 20-ը, որի 55 տոկոսը լիազոր մարմնի ներկայացուցիչներ են։

«Կառավարության ընդունած օրենքի առնչությամբ ԵՊՀ-ն դիմել էր ՄԻՊ-ին, որի դիմումի համաձայն էլ ՍԴ-ն կասեցրել է օրենքի գործողությունը։ Բացի այդ, հիմնադրամների մասին օրենքի համաձայն` եթե հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման դեպքում 2 ամսվա ընթացքում խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա արդարադատության նախարարը նշանակում է 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ: Իմ ունեցած տեղեկություններով` այժմ այդ գործընթացն է տարվում»,–ասաց Էմին-Տերյանը։

Ինչո՞ւ է կառավարությունը շտապում. ԵՊՀ-ն դատարանում կվիճարկի հապճեպ ընդունված որոշումը

Նրա խոսքով` բուհի հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդը քայլեր է ձեռնարկում հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման համար:

Բացի այդ, ըստ Էմին-Տերյանի, հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդը կարող է ռեկտոր նշանակել։ ԵՊՀ մամուլի խոսնակը նշում է` այս դեպքում վտանգ կա, որ բուհի ինքնավարության վերաբերյալ սահմանադրական պահանջը կարող է խախտվել։

«Վերջերս բուհի ուսխորհուրդը հայտարարություն էր տարածել` ասելով, որ նման պարագայում հրաժարվում է բուհի հոգաբարձուների խորհրդի կազմմանը մասնակցել։ Օրերս էլ գիտխորհրդի նիստ էր անցկացվել և քվորում չկար, այսինքն` բուհի պրոֆեսորադասախոսական կազմից որևէ անդամ չառաջադրվեց որպես խորհրդի անդամ»,–ասաց Էմին-Տերյանը։

Նա հավելեց` փաստորեն, ոչ միայն ՍԴ-ն կասեցրեց նոր օրենքի գործողությունը, այլ համալսարանն էլ իր կողմից ոչ մեկին չառաջադրեց։

Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, ապա Էմին-Տերյանը նշեց` սպասում են ՀՀ նախագահի կողմից ՍԴ ուղարկված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի վերաբերյալ ՍԴ որոշմանը, որից էլ կբխեն մայր բուհի գործողությունները։

ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել

Հավելենք, որ «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` եթե ժամանակավոր խորհուրդ նշանակելուց հետո վեցամսյա ժամկետում հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա ժամանակավոր խորհուրդը հիմնադրամը լուծարելու համար պարտավոր է դիմել դատարան:

Այսպիսով` եթե 6 ամսվա ընթացքում ԵՊՀ–ի հոգաբարձուների խորհրդի կազմը չհաստատվի, բուհը կլուծարվի։

Հիշեցնենք` «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը նախագահն ուղարկել էր Սահմանադրական դատարան։ Մինչ այդ օրենքի նախագծի դեմ էին արտահայտվել մի շարք բուհեր` ԳԱԱ–ն, ԵՊԲՀ–ն, ԵՊՀ–ն...

Բացի այդ, ԵՊՀ–ն շուրջ 2 տարի է, ինչ ռեկտոր չունի. նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական էր տվել 2019թ.-ի մայիսի 23–ին։

Դրանից շուրջ մեկ շաբաթ անց` մայիսի 30-ին, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի ԺՊ է ընտրվել Գեղամ Գևորգյանը։

ԵՊՀ ռեկտորի` 2020-ի մարտի 23-ին նախատեսված ընտրությունը չկայացավ երկրում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրություն սահմանելու պատճառով։յս տարվա ապրիլին հրաժարական տվեց նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։