ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Այսօր Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը Ալմելոյի իր գործընկերոջ` Այրեն Խերիտցնի հետ ստորագրել են Էջմիածին ու Ալմելո քաղաքների միջև համագործակցության փոխհամաձայնության հուշագիր, տեղեկացնում են Էջմիածնի քաղաքապետարանից:
Հուշագիրը նպատակ ունի զարգացնել երկու քաղաքների միջև փոխշահավետ բարեկամական համագործակցությունը մի շարք ոլորտներում` զբոսաշրջություն, տնտեսություն, մշակույթ, արվեստ և այլն։ Կողմերը գործնական քայլեր կնախաձեռնեն ճանաչողական փոխայցերի, հասարակական կազմակերպությունների, ձեռնարկությունների և մասնագետների միջև գործուներության տարբեր ոլորտներում ուղիղ կապեր հաստատելու համար։
Հուշագրի հեռավար ստորագրմանը մասնակցել են Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, երկու քաղաքների ավագանու անդամները։
Էջմիածնի համայնքապետը տեղեկացրել է, որ Ալմելոն Նիդեռլանդների ամենահայաշատ քաղաքն է ու հավելել՝ Էջմիածինը Հայաստանի առաջին քաղաքն է, որը համագործակցության հուշագիր է ստորագրում Նիդեռլանդների թագավորության որևէ քաղաքի հետ:
Նիդեռլանդների խորհրդարանը պահանջում է անմիջապես ազատ արձակել հայ գերիներին