ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Այսօր «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովում «Իզմիրլյան» բուժկենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի կինը` Մելանյա Հովհաննիսյանն ընթերցեց ամուսնու ուղերձը։
«Հղում եմ իմ ուղերձը անազատության պայմաններում։ Ինձ մեղսագրված մեղադրանքն անհասկանալի է և բացարձակապես անընդունելի։ Ակնհայտ է, որ ես հետապնդվում եմ չկատարած ու չունեցած մեղքի համար, իսկ այդ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարող ապաշխարել։ Սխալս միշտ ընդունել եմ ու կընդունեմ, սակայն չարածիս համար երբեք ներողություն չեմ խնդրի»,– նշել է պրոֆեսորը։
Չարչյանի խոսքով` քաղաքական պայքարի մեջ մտնելը ստիպել է քաղաքացիական պարտքը։
«Հայրենիքի անմխիթար վիճակը, սոցիալական անապահով անձանց կտրուկ աճը, ընդհանուր ընկճախտը տեսնելով` ցանկացել եմ իմ լուման ներդնել հայրենիքի առողջացման գործընթացում։ Ուստի ես ստիպված եմ եղել թողնել իմ հարմարավետ ու հարգված աշխատանքը` քաջ գիտակցելով սպասված հետևանքները, և միանալ նույն գաղափարները դավանող «Հայաստան» դաշինքի քաղաքական թիմին։ Օբյեկտիվորեն գնահատելով թիմի գաղափարները, ծրագրերն ու կադրային ներուժը` ես համոզված եմ, որ «Հայաստանն» այն ուժն է, որը կարող է իրագործել երկրի վերականգնումը, կարող է երկիրը դուրս հանել այս արհավիրքից։ Թեև առողջությունս այս պահին փոքր–ինչ տկար է, սակայն միտքս պայծառ է, կամքս ու ոգիս` ուժեղ։ Առավել ևս երբ թիկունքիս մշտապես զգում եմ թիմակիցներիս զորակցությունս, ես լավ եմ, ուժեղ եմ»,– նշել է «Իզմիրլյան ԲԿ–ի տնօրենը։
Նա ուղերձում գրել է, որ իր ողջ գիտակցական կյանքում մարտնչել է ամենադաժան ու անողոք թշնամիների` մահվան ու հիվանդության դեմ։
«Գերակշռող մեծամասնության դեպքում հաղթել եմ, երբեք չեմ հանձնվել, չեմ դավաճանել իմ համոզմունքներին ու գաղափարներին։ Չեմ հուսահատվել ու հուսալքվել։ Այժմ էլ իմ քաղաքական թիմի և իմ գաղափարակիցների հետ պատրաստ եմ պայքարել հանուն ուժեղ, առողջ, կրթված, մշակութային, աշխատող ու համերաշխ Հայաստանի։ Հզոր թիմիս հետ թև թևի տված կառուցելու ենք անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ Հայաստան։ Մեր գաղափարները հայրենանվեր ու հայրենանպաստ են, մեր հավատը` անհողդողդ ու անքննելի»,– եզրափակել է Չարչյանը։
Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։
Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել
Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։