ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների հարազատներին։ Տեղեկությունը հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ԱՀ կառավարությունը, սերտ համագործակցելով ՀՀ կառավարության և ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ, անում է հնարավորն անհետ կորածների ճակատագրերը պարզելու ուղղությամբ:
«Արցախի իշխանությունների համար գերիների վերադարձման ու անհայտ կորած մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցը շարունակում է մնալ թիվ մեկ օրակարգային խնդիրը և այդ ուղղությամբ գործադրվում են բոլոր միջոցները դրական տեղաշարժ ունենալու համար»,- հավաստիացրել է նախագահը:
Քանի՞ անհետ կորած ունենք հիմա. վարչապետի օգնականը հայտարարեց ճշգրիտ թիվը
Արցախի ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է որոնողական և այդ ուղղությամբ տարբեր խողովակներով իրականացվող աշխատանքների ընթացքը, դրանց հետ կապված ադրբեջանական կողմի առաջացրած խոչընդոտներն ու խնդիրները։
Միաժամանակ այսօր Երևանում` «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, հարգանքի տուրք է մատուցվել Անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ՊՆ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներին միավորող ՀԿ-ների ներկայացուցիչներ, անհետ կորածների հարազատներ ու մարտական ընկերներ:
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով հունիսի 29-ը նշվում է որպես Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր։
Արցախյան 44-օրյա պատերազմում հրադադար հաստատվելուց հետո՝ 2021 թվականի հունիսի 16-ի դրությամբ, գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց թվաքանակը կազմում է 275 անձ, հայտնել է Հայաստանի քննչական կոմիտեն։
Իսկ Արցախյան առաջին պատերազմից հետո միայն Լեռնային Ղարաբաղի տարածքի բնակիչներից անհետ կորած է համարվում մոտ 700 մարդ։ Կարմիր խաչի տվյալներով, այդ պատերազմում հայերի ու ադրբեջանցիների անհետ կորածների ընդհանուր թիվը 4-5 հազար է։