Վե՛ր կաց ու արի. Գեղամ Ստեփանյանը բոլորին կանչում է Արցախ հանուն Արցախը չկորցնելու

Հիմա նաև սփյուռքահայերն Արցախ այցելելիս մուտքի արտոնագրի ժամկետների կապված որոշակի դժվարությունների են հանդիպելու, բայց այդ բոլորը հաղթահարելի է՝ հանուն գերակա նպատակի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik.Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը բոլոր հայերին կանչում է Արցախ հանուն Արցախը չկորցնելու։ Նա իր կոչը հրապարակել է Facebook-ում ու բացատրել Արցախ այցելելու նպատակը։

Հոլիվուդյան աստղը հրապարակել է «դեդո-բաբոյի» լուսանկարը և դերասաններ է փնտրում ՀՀ–ում

Ստեփանյաը հիշեցրել է՝ ամեն տարի այս ամիսներին թե՛ Հայաստանից, թե՛ Սփյուռքից, թե՛ աշխարհի տարբեր երկրներից հազարավոր զբոսաշրջիկներ Արցախ էին մեկնում բնությունը վայելելու, բազմադարյա հայկական ու քրիստոնեական մշակույթին հաղորդակից լինելու համար։

«Պատերազմի մշտական վտանգի տակ ապրող երկիրը միևնույն ժամանակ հոգու հանգստություն էր հաղորդում յուրաքանչյուրին՝ առհավետ կապելով այս հողի հետ։ Շատ բան է փոխվել․․․ Այսօր Արցախում շատ են դժվարությունները, պատերազմի հետևանքներն Արցախին ինչ-որ առումով զրկել են իր նախկին հմայքից, բայց ոչ երբեք իր իմաստից ու խորը բովանդակությունից»,- գրել է Ստեփանյանը։

Հիմա էլ Արցախի ՄԻՊ-ը բոլորին հրավիրում է Արցախ թեկուզ նրա համար, որ այնտեղ ապրող 100 հազար հայերն իրենց մենակ չզգան։ Նշում է՝ այդ ներկայությունը գոտեպնդելու է Արցախում ապրող հային, որ Արցախն ընդմիշտ հայկական մնա։

Արցախ պետք է գնալ՝ չնայած անվտանգային առումով ունեցած մտահոգություններին, չնայած այն ցավին ու զայրույթին, որ յուրաքանչյուր հայ ապրելու է, երբ տեսնի գերեվարված Շուշին։ Հիմա նաև սփյուռքահայերին որոշակի դժվարություններ են սպասվում՝կապված Արցախի մուտքի արտոնագիր ստանալու ժամկետների հետ, բայց այդ բոլորը պետք է հաղթահարել՝ հանուն գերակա նպատակի, հանուն Արցախը չկորցնելու։

«Վե՛ր կաց ու արի, այստեղ քեզ սպասում են ․․․»,- եզրափակել է Ստեփանյանը։