ՌԱԴԻՈ

Սաղյանը ԳԱԱ նախագահ է ընտրվել կառույցի համար բավականին բարդ իրավիճակում. Մխիթարյան

Կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ ԳԱԱ նախագահի ընտրության արդյունքներին և ակադեմիայի առջև ծառացած կարևորագույն խնդիրներին։
Sputnik
Սաղյանը ԳԱԱ նախագահ է ընտրվել կառույցի համար բավականին բարդ իրավիճակում. Մխիթարյան

Ատոմ Մխիթարյանի դիտարկմամբ` ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ձայների մեծամասնությամբ ԳԱԱ նախագահ է ընտրվել կառույցի համար բավականին բարդ իրավիճակում, որովհետև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը, որն ԱԺ–ն ընդունել է, բայց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել, ուղարկվել է Սահմանադրական դատարան։

«Պատճառներից մեկն էլ հենց դա էր, որ ակադեմիայի նախորդ ժողովների ու քննարկումների արդյունքում գրավոր դիմել էին ՍԴ, որպեսզի հնարավորության դեպքում վերանայվի օրենքի հատկապես այն դրույթը, որը վերաբերում է ԳԱԱ–ին։ Նոր ընտրված նախագահի և նախագահության առջև կանգնած են լինելու հենց նույն մարտահրավերները, որովհետև նախևառաջ պետք է ճշգրտվի ակադեմիայի կարգավիճակը, քանզի այն ըստ էության օրենքի մակարդակով իջեցվում է և դրա փոխարեն առաջարկվում է անորոշ կարգավիճակ։ Կառավարությունը երբ կամենա, կարող է իր որոշմամբ սահմանել կամ փոփոխել ակադեմիայի կարգավիճակը»,– նշեց փորձագետը։

ՀՀ նախագահն այցելել է ԳԱԱ. քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը

Մխիթարյանի համոզմամբ` այդ կարևոր հարցի լուծումից է կախված մեր բարձրագույն կրթության և ընդհանրապես գիտակրթական ոլորտի զարգացման հեռանկարը Հայաստանում, ինչն էլ էական նշանակություն ունի մեր երկրում մտավորականության ձևավորման, գիտնականի հարգը պատշաճ մակարդակի բարձրացնելու առումով։ Ըստ նրա` շատ կաևոր է, թե ինչպիսի հարաբերություններ կձևավորի ակադեմիայի նոր ղեկավարությունը ՀՀ կառավարության հետ, որովհետև վերջինս էլ ձևավորման փուլում է։

«Մարտահրավերներից մեկն էլ ԳԱԱ նյութատեխնիակական բազայի պահպանումն է և ժամանակակից պահանջներին համահունչ թարմացումը, որպեսզի հնարավոր լինի գիտության արդի նվաճումների հետ համարժեք քայլել և ԳԱԱ նյութատեխնիկական բազան ծառայեցնել բուն նպատակին։ Մյուս խնդիրը գիտության երիտասարդացումն է և այստեղ կարելի է դրականորեն գնահատել այն, որ ԳԱԱ նախագահ ընտրվել է թեկնածուներից ամենաերիտասարդը, ինչը կնպաստի նրան, որ նոր սերունդն ակադեմիայի կառուցվածքում լինի ավելի ակտիվ, որ բարեփոխումները շատ արագ կարողանան արդյունք տալ նաև ակադեմիայի համակարգում, որտեղ առկա է երիտասարդ գիտնականների սղություն»,– նշեց փորձագետը։

Մխիթարյանի գնահատմամբ`ակադեմիային առնչվող կարևոր հարցերը պետք է ներառվեն կառավարության օրակարգում`ապահովելով ֆինանսական հոսքեր դեպի գիտություն, ինչպես նաև իրականացնել կադրային քաղաքականություն, որի շնորհիվ երիտասարդ գիտնականները կընդգրկվեն ԳԱԱ համակարգում և կնպաստեն բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։           

ԳԱԱ–ն և ԵՊՀ–ն կոչ են անում նախագահին չստորագրել կրթության մասին «հակասահմանադրական» օրենքը

Նշենք, որ Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր նոր նախագահ են ընտրել: Կառույցը կղեկավարի ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

Հիշեցնենք` 2006 թվականից ԳԱԱ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռադիկ Մարտիրոսյանը:
Աշոտ Սաղյանը 64 տարեկան է։ Ավարտել է երևանի պետական համալսարանը, քիմիկոս է։ 2010թ.–ին եղել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրենը, 2002թ.–ին` ԵՊՀ դեղագիտության ամբիոնի վարիչը, 2008թ.–ին` Հայաստանի քիմիական հանդեսի գլխավոր խմբագիրը, 2016թ.-ից ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ է։ 2004 և 2011 թվականներին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի։