Քաբաբից թունավորվածների մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ. ինչպե՞ս է այն առաջանում

Այժմ Նոյեմբերյանի բուժկենտրոնում 3 հիվանդ է բուժում ստանում, նրանց վիճակը գնահատվում է թեթև։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Նախնական տվյալներով քաբաբից թունավորված բոլոր հիվանդները, որոնք գտնվում էին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, դուրս են գրվել և վերադարձել Տավուշի մարզ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հունիսի 25-ին Տավուշի մարզի Այրում համայնքից Շիրակի մարզ էքսկուրսիայի մեկնած խումբը՝ 42 անձ, որից 29–ը` երեխա, Ջարդի ձորում կերել էին իրենց հետ բերած քաբաբը և սննդային թունավորմամբ տեղափոխվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց: Հոսպիտալացվել էր 43 անձ՝ 16 երեխա և 7 չափահաս:

«Շիրակի մարզ էքսկուրսիայի մեկնած ևս 2 մասնակից հունիսի 27-ին նույն գանգատներով (սրտխառնոց, փսխում և թուլություն) հոսպիտալացվել է «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն»: Այժմ Նոյեմբերյանի ԲԿ-ում բուժում է ստանում 3 հիվանդ, նրանց վիճակը գնահատվում է թեթև: Մյուս բնակիչների նկատմամբ բժշկական հսկողությունը շարունակվում է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ: Ոսկեգույն ստաֆիլակոկերը, ի թիվս այլ հիվանդությունների, առաջացնում են նաև սննդային թունավորում, ինչը պայմանավորված է ստաֆիլակոկի կողմից արտադրված ջերմակայուն թույնով՝ էնտերոտոքսինով: Սննդամթերքը ստաֆիլակոկով աղտոտվում է վարակակիր կամ արտահայտված մաշկային հիվանդություն ունեցող մարդու կողմից: Ոչ բավարար ջերմային մշակման դեպքում և ոչ սառնարանային պայմաններում պահված աղտոտված սննդամթերքում ստաֆիլակոկերն ակտիվորեն բազմանում են և արտադրում թույն, ընդ որում` չեն փոխվում սննդամթերքի համը և հոտը:

Սննդային թունավորումից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել ինչպես սննդամթերքի պատրաստման, այնպես էլ պահպանման կանոնները, իսկ հիվանդություններ ունեցող մարդիկ չպետք է մասնակցեն սննդամթերքի պատրաստմանը:

Միաժամանակ անհրաժեշտ է շոգին խուսափել շուտ փչացող սննդամթերք օգտագործելուց, այդ թվում՝ աղացած մսից պատրաստված ուտեստներ, երշիկեղեն, մսապուխտ և սունկ պարունակող աղցաններ, ինչպես նաև` կրեմային հրուշակեղեն:

Արտակարգ դեպք Հայաստանում. մի տղամարդ որոշել էր թունավորել խմելու ջուրը