ՌԱԴԻՈ

Ի՞նչ կլինի, եթե Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկվեն. Վարդան Ոսկանյանի տեսակետը

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր չեղարկման դեպքում Իրանի արտաքին քաղաքականության հեռանկարներին։
Sputnik
Ի՞նչ կլինի, եթե Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկվեն. Վարդան Ոսկանյանի տեսակետը

Եթե Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկվեն, ապա իրանցիներն ակնհայտորեն մեծացնելու են իրենց ազդեցությունը ողջ մերձավորարևելյան տարածաշրջանում, և այդ ազդեցության մեծացման հնարավոր գոտիներից մեկը դիտարկվում է Հարավային Կովկասը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Վարդան Ոսկանյանը։

Իրանի նոր կոշտ նախագահը. Ռայիսին անպայման կսանձի Էրդողանի հավակնությունները

«Խոսքը նախևառաջ քաղաքական ազդեցության մասին է», –ասաց նա։

Իրանագետը հավելելեց` չեղարկումը վերաբերելու է բոլոր պատժամիջոցներին, որոնք կիրառվել են ԱՄՆ–ի կողմից միջուկային ծրագրի համատեքստում և իրանական կողմը գնում է դեպի պատժամիջոցների չեղարկում` չնայած Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ նոր նախագահը կարող է որոշակի վերապահումներ ունենալ տարբեր խնդիրների վերաբերյալ։

«Անկախ պատժամիջոցների չեղարկումից` իրանցիները շարունակելու են նաև այլ ուղղություններով աշխատանքներ իրականացնել։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Իրան–Չինաստան համաձայնագրի իրականացմանը, ինչպես նաև ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունների խորացմանը»,– ասաց նա։

Հայ-իրանական օրակարգն ամբողջովին պետք է վերանայել. Վարդանյան

Ոսկանյանի կարծիքով` իրանցիներն այժմ շահագրգռված են հատկապես Հարավային Կովկասում իրենց ազդեցության մեծացմամբ` հաշվի առնելով, որ մեր տարածաշրջանում բավականին ամուր դիրքեր է սկսում զբաղեցնել Թուրքիան, ինչը չի բխում իրանական շահերից։ Ըստ նրա`թուրքական գործոնի ակտիվացումը սահմանափակում է Իրանի աշխարհաքաղաքական մանևրի հնարավորությունները դեպի սևծովյան տարածաշրջան և հյուսիս։

«Ստեղծված իրավիճակում առկա են նոր հնարավորություններ հայ–իրանական փոխգործակցության համար։ Ընդ որում` համագործակցությունը կարող է ներառել ոչ միայն ավանդական օրակարգը, որը եղել է մինչև 44-օրյա պատերազմը, այլև բոլորովին նոր օրակարգը, որի կարևոր բաղադրիչը տարածաշրջանի անվտանգությունն է։ Իրանցիները շահագրգռված են մեզ հետ աշխատել այս համատեքստում, ինչը բխում է իրանական շահերից»,– նշեց իրանագետը։

Իրանը 7000 կմ հեռահարությամբ թռիչքներ իրականացնող ԱԹՍ–ներ է ստեղծում

Ոսկանյանի խոսքով` Իրանի ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով հնչել են հայտարարություններ, որ իրանցիները պետք է ունենան լայն ներկայություն Հայաստանում և հատկապես Սյունիքի մարզում, ուստի տնտեսական ներկայությունը հիմք կծառայի նաև անվտանգության հետ կապված հարցերում ավելի սերտ փոխգործակցության համար։ Ըստ նրա` հաշվի առնելով նաև ռուսական ազդեցությունն ու ներկայության աճը Հարավային Կովկասում, իրանական կողմի հետ հարաբերությունները պետք է կառուցվեն այնպես, որ տեղի ունենա իրանական և ռուսական շահերի համադրում։

Հիշեցնենք` Հասան Ռոհանին մայիսի 20-ին հայտարարել էր, որ Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում Արևմուտքի ներկայացուցիչները համաձայնվել են չեղյալ հայտարարել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները նավթի, նավթաքիմիայի արտադրանքի, փոխադրման և ապահովագրման ոլորտում, ինչպես նաև Իրանի Կենտրոնական բանկի նկատմամբ: