Զոհված Ալբերտ Հովհաննիսյանի մորը ՀՔԾ են հրավիրել Արմեն Չարչյանի քրեական գործով

Մանիկ Աճեմյանը «Իզմիրլյան» բուժկենտրոնի աշխատակից է։ Փաստաբանն ասել է, որ նա հուզական գերլարված վիճակում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Արցախյան երրորդ պատերազմում նահատակված Ալբերտ Հովհաննիսյանի մայրը՝ Մանիկ Աճեմյանը, այսօր հրավիրվել էր ՀՔԾ՝ վկայի կարգավիճակով հարցաքննության։ Աճեմյանի փաստաբան Արթուր Նահապետյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում հայտնել է, որ իր վստահորդը ՀՔԾ էր հրավիրվել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, քանի որ «Իզմիրլյան» ԲԿ–ի աշխատակից է։

Գերությունից վերադարձած Էրիկն ու զոհված Ալբերտը եղբայրներ են. լռել են, որ տղային չվնասեն

Հարցաքննությունն այսօր տեղի չի ունեցել, քանի որ, փաստաբանի փոխանցմամբ, Աճեմյանն այն հոգեվիճակում չէ, որ կարողանա մասնակցել քննչական գործողությանը։

«Պայմանավորված անցած տարի տեղի ունեցած ողբերգական դեպքերով՝ տիկին Աճեմյանը հուզական գերլարված վիճակում է, և մի շարք այլ հարակից հանգամանքներ կան, որոնք վարույթն իրականացնող մարմնին անձամբ եմ այսօր ներկայացրել, որոնց պայմաններում այս պահին նա չի կարող մասնակցել վկայի հարցաքննությանը»,- ասել է Նահապետյանը՝ հավելելով, որ դրանք ներկայացվել ՀՔԾ քննիչին, որ վերջինս գնահատի դրանց հարգելի լինելը։

Կայքը նշում է, որ Մանիկ Աճեմյանի մասնակցությամբ այլ քննչական գործողություններ նախկինում չեն իրականացվել, նա պետք է այսօր հարցաքննվեր առաջին անգամ, հետևաբար այս պահի դրությամբ նրա և Արմեն Չարչյանի մասնակցությամբ ևս որևէ առերես հարցաքննություն չէր կարող իրականացվել։

Իսկ թե արդյոք «Իզմիրլյան» ԲԿ այլ աշխատակիցներ արդեն հարցաքննվել են, Նահապետյանը նշեց, որ հստակ տեղեկություններ չունի, սակայն չի բացառում, քանի որ գործով մեղադրյալի պաշտպանը հարցազրույցներից մեկում հայտնել է, որ արդեն իսկ կան հարցաքննված վկաներ, որոնք դրական են արտահայտվել պարոն Չարչյանի վերաբերյալ։

Ինչ վերաբերում է հրապարակված ձայնագրությանը, փաստաբանը նշել է, որ տիկին Աճեմյանը որևէ դիրքորոշում չի հայտնել, քանի որ չի մասնակցել վկայի հարցաքննությանը։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։