ԿԸՀ–ն մերժեց «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների և «Զարթոնք» կուսակցության դիմումները

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ներկայացնելով հանձնաժողովի որոշումը, հայտնեց, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչել կարելի է միայն այն դեպքում, երբ թույլ տրված խախտումները բացառեն ընտրության իրական արդյունքները ճշգրտորեն որոշելու հնարավորությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի-Sputnik. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ու «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության դիմում–բողոքների քննարկման արդյունքում ԿԸՀ–ն այսօրվա նիստում որոշեց մերժել դրանք։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ներկայացնելով հանձնաժողովի որոշումը, հայտնեց, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչել կարելի է միայն այն դեպքում, երբ թույլ տրված խախտումները բացառեն ընտրության իրական արդյունքները ճշգրտորեն որոշելու հնարավորությունը։

ԿԸՀ–ն հաստատեց. հայտնի է` որ քաղաքական ուժը քանի մանդատ կստանա խորհրդարանում

«Այսինքն` խախտումների պարզ թվարկումը բավարար չէ։ Պահանջվում է ապացուցել, որ այդ խախտումների արդյունքում հնարավոր չէ  պարզել  ընտրության իրական պատկերը»,– ասաց Մուկուչյանը։

ԿԸՀ–ն միաձայն քվեարկությամբ հաստատեց երեք քաղաքական ուժերի դիմումները մերժելու որոշումը։

Նշենք, որ դիմում ներկայացրած քաղաքական ուժերը, ներկայացնելով նախընտրական քարոզչության, ընտրությունների ու քվեների հաշվարկի ընթացքում տեղի ունեցած խախտումների դեպքերն ու միջադեպերը, ինչպես նաև պետական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ իրենց դիտարկումները` ԿԸՀ–ին պահանջ էին ներկայացրել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել և ԱԺ ընտրությունների վերաքվեարկություն նշանակել։

Դիմումատուներից ԿԸՀ նիստին ներկա էր ու քաղաքական ուժի դիրքորոշումը ներկայացրեց միայն «Հայաստան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Օրակարգ չունեցող իշխանություն և ինտելեկտուալ ընդդիմություն. ինչ կկատարվի նոր ԱԺ–ում

Նա նաև լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ առաջիկա 5 օրվա ընթացքում ընտրությունների արդյունքները վիճարկելու հայցով «Հայաստան» դաշինքը դիմելու է Սահմանադրական դատարան։