Հայ լրագրողն Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիայի բարձրագույն մրցանակին է արժանացել

Դստեր հաջողություններով հպարտ հայրը հայտնում է, որ հերթական մրցանակն իր դստեր համար արդեն յոթերորդն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի- Sputnik. Ամերիկյան «Boston Globe» հրատարակության պրոդյուսեր և լրագրող Անուշ Էլբակյանը կրկին արժանացել է Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի Emmy Awards բարձրագույն մրցանակին։

Այս ուրախալի լուրը Facebook-ի իր էջում հաղորդել է Անուշի հայրը` դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և հեռուստահաղորդավար Արթուր Էլբակյանը:

Նա գրում է, որ ժամեր առաջ ստացած հերթական մրցանակն իր դստեր համար արդեն յոթերորդն է:

«Ընդամենը մի քանի օր առաջ Անուշն արժանացավ ամերիկյան ամենահեղինակավոր Պուլիցերյան մրցանակին - Pulitzer Prize-2021»,– հայտնում է դստեր հաջողություններով հպարտ հայրը։

Անուշ Էլբակյանը Emmy Awards-ի մրցանակների է արժանացել նաև 2016, 2017, 2019 և 2020թթ–ին։ Ընդ որում, 2020թ–ին նա արժանացել է Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի միանգամից 4 մրցանակների:

Նշենք, որ Պուլիցերյան մրցանակը (անգլ.՝ Pulitzer Prize) ամերիկյան ամենահեղինակավոր մրցանակներից է, որը տրվում է գրականության, լրագրության, երաժշտության և թատրոնի ասպարեզներում հասած հաջողության համար։