ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Հայաստանի տարբեր համայնքների ղեկավարների, ավագանիների նկատմամբ բռնության դեպքերը բազմաթիվ են: Այս մասին այսօր` հունիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
««Հայաստան» դաշինքի բոլոր թիմակիցներին մենք նաև ամեն կերպ օգտակար ենք լինելու պատշաճ իրավաբանական օգնություն ստանալու իմաստով և մինչև վերջ պայքարելու ենք ցանկացած ապօրինության դեմ, որ կատարվել և կատարվում է»,- վստահեցրեց Վարդևանյանը։
Անդրադառնալով կոնկրետ դեպքին` Լոռու Օձունի գյուղապետի նկատմամբ կատարված բռնությանը` նա հայտարարեց, որ տեղի ունեցածը ոչ թե բռնություն, այլ «խուլիգանական աստիճանի բռնություն էր մարզպետարանի շենքում»։
«Մարդուն դուրս գալուց հետևից հարվածել են։ Ի դեպ այս գործով որևէ մեկը ձերբակալված չէ, բայց պրոֆեսոր Չարչյանի դեպքում 3 ժամվա մեջ ձերբակալման որոշում է կայացվում»,– ասաց Վարդևանյանը։
Հիշեցնենք` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել:
Լոռու մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ։