Հարուցվել է 37 քրգործ, պատգամավորի թեկնածուներից 1–ի նկատմամբ հայտարարվել հետախուզում

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող պատգամավորի 6 թեկնածուների, ինչպես նաև քրեական գործերով որպես մեղադրյալ ընդգրկված ևս 11 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում ընտրական հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 47 անձի նկատմամբ, որից 40-ը՝ ընտրակաշառք տալու և ստանալու համար: Տեղեկությունը հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Զինվորների քվեարկության տեսանյութի հիման վրա նյութեր են նախապատրաստվում. դատախազություն

Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ 2021թ. հունիսի 25-ի դրությամբ հարուցվել է 37 քրեական գործ:
Դրանցից`

• 23-ը հարուցվել է առերևույթ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրակաշառքի միջնորդության հատկանիշներով, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում,

• 3-ը՝ ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու,

• 2-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի,

• 1-ը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առերևույթ կեղծ քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու,

• 1-ը՝ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, նյութապես շահագրգռելով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու,

• 1-ը՝ 2 և ավելի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու,

• 1-ը՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու,

• 1-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու,

• 4-ը՝ կապված պաստառների վնասման հետ, գույքային վնաս հասցնելու հատկանիշներով: Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 47 անձանց նկատմամբ, որոնցից 26-ին առաջադրվել են մեղադրանքներ, իսկ 11 անձ ունի կասկածյալի դատավարական կարգավիճակ:

Նշված 47 անձանցից

• 22-ը մեղադրվում կամ կասկածվում է ընտրակաշառք տալու համար,

• 18-ը՝ ընտրակաշառք վերցնելու համար,

• 2-ը՝ մեղադրվում է քվեարկության գաղտնիությունը խախտելու համար,

• 1-ը՝ ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու,

• 1-ը՝ քարոզչական պաստառի վնասմամբ գույքային վնաս պատճառելու համար,

• 1-ը՝ մի քանի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու:

• 1 անձ կասկածվում է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու մեջ,

• 1-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու մեջ:

Ընտրակաշառք տալու համար տարբեր քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել, ի թիվս վերոնշյալների, նաև հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 2 դաշինքների և 1 կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված 5 անձանց, իսկ թեկնածուներից մեկը, ում ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչվել դատարանի որոշման արդյունքում, արգելանքից ազատ արձակվելուց հետո լքել է ՀՀ տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Պատգամավորի թեկնածուն կալանավորվել է ընտրակաշառք տալու համար․ ՀՔԾ

Բոլոր 6 թեկնածուների, ինչպես նաև քրեական գործերով որպես մեղադրյալ ընդգրկված ևս 11 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Բացի այդ, առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ հաղորդումների, ահազանգերի հիման վրա շարունակվում է քրեադատավարական կարգով նյութերի նախապատրաստման գործընթացը:

ՀՀ գլխավոր դատախազությունն առաջիկայում պարբերաբար կներկայացնի քրեական վարույթների շրջանակներում իրավապահ մարմինների աշխատանքների արդյունքները:

Դատախազությունը չի կասկածում Չարչյանի մասնագիտական հեղինակության վրա. հայտարարություն

Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ առերևույթ ընտրական հանցագործությունների մասին ստացվել է 727 հաղորդում, հարուցվել է 32 քրեական գործ։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։

«Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։