ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն հայտարարել է, որ Գերմանիայում այդ երկրի դեսպան և Եվրամիությունում հատուկ հանձնակատար Ստեֆան Դիոնը հատուկ առաքելություն կիրականացնի՝ ուսումնասիրելու, թե ինչպես կարող է Կանադան աջակցել հայկական ժողովրդավարությանը: Տեղեկությունը հայտնում է Կանադայի արտգործնախարարությունը:
«Ուժեղ ժողովրդավարությունը Հայաստանում տարածաշրջանի կայունության կարևոր գործոններից է: Հատուկ հանձնակատար Դիոնը մշտապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարական հաջողություններին»,- նշել է Գարնոն։
Նա ընդգծել է, որ ժողովրդավարական զարգացումների վերաբերյալ Դիոնի հիմնարար գիտելիքները կօգնեն, որպեսզի այս առաքելությունը հաջող իրականացվի:
Առաքելության նպատակն է ամրապնդել կանադական հասարակության աջակցությունը՝ ի շահ հայկական ժողովրդավարության:
Ստեֆան Դիոնի աշխատանքը շարունակվելու է մի քանի ամիս, այդ ընթացքում նա առցանց խորհրդակցություններ է անցկացնելու ինչպես Կանադայում հետաքրքրված կողմերի, այնպես էլ Հայաստանի գործընկերների հետ:
Նա այցելելու է նաև Հայաստան՝ հանդիպելու Հայաստանի կառավարության անդամների, գործընկեր դեսպանությունների, քաղաքացիական հասարակության խմբերի, միջազգային կազմակերպությունների, մասնավոր սեկտորի ու ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
«Այս առաքելությունն ընդգծում է, թե Կանադայի համար որքան կարևոր է Հայաստանում ժողովրդավարության հաջողությունը: Առաքելության ավարտին հատուկ հանձնակատարը զեկույց կներկայացնի նախարար Գարնոյին, այդ թվում և առաջարկներ, թե ինչպես կարող է Կանադան ապագայում Հայաստանի հետ առաջ տանել ժողովրդավարական հավակնությունների իրականացումը»,- ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ռուսաստանի և Կանադայի արտգործնախարարները քննարկել են Արցախի հարցը
Իր հերթին դեսպան Ստեֆան Դիոնն առաքելության պատասխանատու պաշտոնում նշանակվելու առնչությամբ գրառում է կատարել Twitter–ի իր էջում՝ նշելով, որ իր համար պատիվ է նման հնարավորություն ստանալը՝ նպաստելու Կանադայի և Հայաստանի ժողովրդավարությունների կապերի ամրապնդմանը։